Օբաման եւ Մեդվեդեւը քննարկել են ղարաբաղյան հարցը

ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները Վաշինգտոնում, 24 հունիսի, 2010

Երկուշաբթի երեկոյան Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ինչպես հաղորդում է պաշտոնական Կրեմլը, քննարկել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարներ՝ Մեդվեդեւն ու Օբաման մտքեր են փոխանակել հակամարտության կարգավորման շուրջ: ԱՄՆ նախագահը բարձր գնահատական է տվել այն ջանքերին, որ գործադրում է Ռուսաստանի առաջնորդը այս ուղղությամբ, մասնավորապես, Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ վերջերս կայացած հանդիպման ժամանակ:

Միեւնույն ժամանակ, ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս փոխհամաձայնեցված քայլեր ձեռնարկել՝ օգնելու Բաքվին եւ Երեւանին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ անցած շաբաթավերջին, նախագահ Մեդվեդեւը արտգործնախարար Լավրովի միջոցով Բաքու եւ Երեւան էր ուղարկել խնդրի կարգավորման շուրջ իր ուղերձը: «Մենք սպասում ենք կողմերի պատասխանին. եկել է համաձայնության պահը», - տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարել էր Սերգեյ Լավրովը: