Ժյուպեն եւ Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հեռանկարները

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն երեկ Փարիզում ընդունել է իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովին:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները` հունիսի 24-ին Կազանում կայացած նախագահների եռակողմ հանդիպումից հետո:

«Այս այցը վկայում է Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խորը բարեկամական հարաբերությունների մասին», - իր հաղորդագրությունում նշում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը` հավելելով, որ երկու երկրների համագործակցության օրակարգում են Ադրբեջանում ֆրանսիական ներդրումների հեռանկարները, տնտեսական եւ առեւտրական կապերի զարգացումը: