Շիրակի մարզում տեղադրված հակակարկտային կայանները վտանգավոր են

Կարկուտից վնասված մշակաբույսեր Հայաստանի հյուսիսում, արխիվ

Շիրակի մարզում 2007 թվականից տեղադրված հայկական արտադրության 29 հակակարկտային կայանները պայթյունավտանգ են: Մոտ 6 միլիոն դրամ արժողությամբ այս կայաններից 11-ը տեղադրվել է պետբյուջեի, մնացածը` համայնքային միջոցներով:

«Տեխնիկական անվտանգության որոշ կանոններ չեն ապահովվում: Առաջին հերթին` պարսպապատված չեն, շանթարգելը իր տեղում չէ, պայթման թնդանոթը գազի բալոններից գտնվում է 50 սմ հեռավորության վրա», - այսօր Շիրակի մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց արտակարգ իրավիճակների նախարարության հակակարկտային ծառայության պետ Ռոբերտ Հովսեփյանը, - «Կառավարության որոշմամբ դրանք պետք է ձեւափոխվեն, որպեսզի այդ համակարգը կարողանա աշխատել»:

Արտակարգ իրավիճակների նախարարության հակակարկտային ծառայության պետի խոսքով, հատուկ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի գործող կայանները եւ որոշի, թե դրանք անվտանգ դարձնելու համար ինչ քայլեր պետք է ձեռնարկել:

Այս տեղեկությունը, սակայն, դժկամությամբ ընդունվեց համայնքապետերի կողմից, ովքեր որոշ դեպքերում համայնքային սուղ միջոցներից գումարներ են հայթայթել` հակակարկտային կայանները տեղադրելու համար:

Ռոբերտ Հովսեփյանը նաեւ տեղեկացրեց, որ հայկական հակակարկտային նոր կայաններ են ստեղծվել, որոնք առավել անվտանգ են համարվում եւ արտակարգ իրավիճակների նախարարության համաձայնությամբ արդեն սկսել են տեղադրվել:

Your browser doesn’t support HTML5

Շիրակի մարզում տեղադրված հակակարկտային կայանները վտանգավոր են