Հունաստանի խորհրդարանը այսօր վերջնական հավանություն է տալու հակաճգնաժամային փաթեթին

Հունաստանի խորհրդարանն այսօր պետք է վերջնականապես հավանություն տա ֆինանսական միջոցների խիստ խնայողության օրինագծին, որի ընդունումը անհրաժեշտ է միջազգային օգնություն ստանալու միջոցով ֆինանսական դեֆոլտից խուսափելու համար:

Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի կառավարության ծրագիրը, որով առաջարկվում է հարկերը բարձրացնելու միջոցով լրացուցիչ 28 միլիարդ եվրոյով ավելացնել պետության բյուջեն, խստորեն կրճատել ծախսերը եւ հստակեցնել սեփականաշնորհման գործընթացը:

Այդ ծրագրի իրականացումն անհրաժեշտ է Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը ստանալու համար:

Եվրամիությունը նախազգուշացրել է, որ օրինագծի ձախողումը հղի է ծանրագույն հետեւանքով` դեֆոլտով, որի դեպքում պետությունը անվճարունակ է համարվում:

Հունաստանում հազարավոր մարդիկ բողոքում են այդ ծրագրի դեմ: