ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին հիասթափեցրել են Կազանի հանդիպման արդյունքները

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին հիասթափեցրել են հունիսի 24-ին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը:

«Ռուսաստանի կառավարությունը հրավիրեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, փորձեց լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. ժեստ, որին Միացյալ Նահանգները հավանություն էր տվել, սակայն, ըստ հաղորդումների, այն ձախողվեց: Ո՞րն է ձեր արձագանքը», - այս հարցին Նյուլանդը պատասխանել է. - «Այո, ինչպես գիտեք, Կազանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ: Այնուհանդերձ, նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են, որ փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, համաձայնել են շարունակել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա եւ շարունակել հանդիպումները: Բայց ես կասեի` սա հիասթափեցնող է»: