ԱՀՀ-ը կոչ է անում Ղարաբաղն ընդգրկել բանակցություններում

Ժամանակն է Լեռնային Ղարաբաղն ուղղակիորեն ընդգրկել բանակցություններում, ասված է անցած ուրբաթ օրը Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տարածած հայտարարությունում:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության որեւէ կարգավորում պետք է ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար եւ պետք է հաշվի առնի ինքնորոշման նրա իրավունքը», - շեշտում է ԱՀՀ-ը:

Նշելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գործադրած ջանքերը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ապահովման ուղղությամբ, այդ թվում` Կազանի հանդիպումից առաջ Օբամայի հեռախոսազրույցները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, ԱՀՀ-ը ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ Ադրբեջանը մեկ անգամ եւս ցույց տվեց «խաղաղությանը իր պատրաստ չլինելը»:

Հիշեցնելով նաեւ Ադրբեջանի ընդդիմանալը հայ - թուրքական արձանագրությունների վավերացմանը` Ամերիկայի հայկական համագումարը համոզմունք է հայտնում, որ Միացյալ Նահանգները «ավելի մեծ վստահելիություն կունենար եւ կկարողանար ավելի մեծ առաջընթացի հասնել խաղաղ բանակցություններում եւ հայ - թուրքական մերձեցման գործընթացում, եթե ԵԱՀԿ-ի իր մյուս գործընկերների` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի պես միանշանակորեն հաստատեր Հայոց ցեղասպանությունը»: