Հայաստանը Կազանի ձախողման համար մեղադրում է Ադրբեջանին

Արխիվ -- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (աջից) եւ նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը, Լիսաբոն, 20-ը նոյեմբերի, 2010թ.

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խոսնակը հայտարարել է, որ Ադրբեջանը Կազանում փորձել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը տանել դեպի փակուղի։

«Երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ Ադրբեջանը, արհամարհելով երեք նախագահների [դովիլյան] հայտարարությունը եւ բանակցային գործընթացի տրամաբանությունը, փաստացի խնդիրը տանում է դեպի փակուղի եւ կառուցողական տրամադրված չէ», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ուրբաթ օրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներին:

Շարմազանովը հավելեց. - «Հանրապետական կուսակցության պաշտոնական տեսակետն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղը կայացած ժողովրդավարական հանրապետություն է, եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի հենց Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ»։

Էդուարդ Շարմազանով
Իշխող կուսակցության ներկայացուցիչը վստահեցրեց, որ Հայաստանը կոնստրուկտիվ է տրամադրված, սակայն չի կարող գնալ «միակողմանի զիջումների»։

Շարմազանովը միաժամանակ նշեց, թե չի բացառում, որ կազանյան հանդիպումից հետո Ադրբեջանի իշխանությունները կրկին անցնեն «ռազմատենչ հռետորաբանությանը»:

«Եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ, նախագահ Սարգսյանը շատ հստակ ասել է՝ այդ դեպքում մեր քայլը կլինի Արցախի Հանրապետության ճանաչումը», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։

Մինչեւ Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները հայտարարություններ էին հնչում, թե հնարավոր է, որ Թաթարստանի մայրաքաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության հանգեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ։ Այդուհանդերձ, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում որեւէ շոշափելի առաջընթաց չգրանցվեց։

Ուրբաթ օրը Կազանում նախագահների հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ասել էր. - «Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը»։

Այսօր հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ փոխադարձաբար մեղադրելով Հայաստանին։ Մամեդյարովը ափսոսանք է հայտնել, որ Կազանում սկզբունքային հարցերի շուրջ փոխզիջում ձեռք չբերվեց:

«Պատճառն այն է, որ Հայաստանը Ադրբեջանից մեծ զիջումներ պահանջեց՝ փորձելով վնասել բանակցային գործընթացը, որը սկսվել է յոթ տարի առաջ»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը:

Ընդդիմադիրները մեկնաբանում են


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հատուկ հանձնարարություններով դեսպանն էր ղարաբաղյան բանակցություններում 1990-ական թվականներին, այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ինքը հեռու է այն մտքից, որ Կազանը ձախողում էր:

Շահնազարյան.
Չեմ բացառում, որ Կազանում եղել են լուրջ պայմանավորվածություններ ...
«Վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման գործընթացը գնում է աննախադեպ լուրջ, եւ կարգավորման պատմության մեջ նման ակտիվություն չի եղել, երբ միջնորդները այդպես համաձայնեցված գործեն», - նշեց Դավիթ Շահնազարյանը: - «Ես կարծում եմ, որ Կազանը ընդամենը մի հանգրվանային փուլ էր։ Ավելին՝ ես չեմ բացառում, որ Կազանում եղել են լուրջ, գուցե ոչ վերջնական պայմանավորվածություններ, բայց կողմերը դեռ պատրաստ չեն այդ ամենը հրապարակելու։ Այդ իմաստով մեզ սպասում է բավական թեժ դիվանագիտական ամառ»։

Շաբաթ օրը Ազատության հրապարակում հանդես գալով հանրության առջեւ՝ կազանյան բանակցություններին անդրադարձավ նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` ասելով. - «Անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը իմանա, թե ինչ է պարունակում այն փաստաթուղթը, որը առանց առարկության ընդունվեց Հայաստանի կողմից՝ ըստ Հայաստանի արտգործնախարարի, եւ որը մերժվեց Ադրբեջանի կողմից»։

Հովհաննիսյան.
Անհրաժեշտ է, որ ժողովուրդը իմանա, թե ինչ է պարունակում այդ փաստաթուղթը ...
Ղարաբաղյան խնդրից խոսեց նաեւ Ազգային ժողովում «Ժառանգության» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

«Ինչքան ուզում են թող հանդիպեն նախագահները՝ իրավունք ունեն հանդիպելու եւ զրուցելու, բայց առանց Արցախի դրանք զրույցներ են, դրանք բանակցություն կոչվել չեն կարող։ Ցանկացած բան, որը ստորագրվի, կամ չստորագրվի, դրանք փաստաթուղթ չեն կարող անվանվել, դրանք թղթեր են՝ մինչեւ Արցախի օրինական ընտրված իշխանությունները չմասնակցեն»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը։

Your browser doesn’t support HTML5

Հայաստանը կազանյան ֆիասկոյի համար մեղադրում է Ադրբեջանին