Սերժ Սարգսյան. «Միանշանակ դեմ եմ միակողմանի զիջումներին»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը, որի ընթացքում ներկայացրել է Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:

Խոսելով ուրբաթ օրը Կազանում կայանալիք հանդիպման մասին` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Լավատեսությունը լավ որակ է, սակայն անձամբ ես նախընտրում եմ լինել կառուցողական եւ պետք է ասեմ, որ իմ ակնկալիքները այդքան մեծ չեն: Դուք խոսեցիք զիջումների մասին, բայց ես միանշանակ դեմ եմ միակողմանի կարգով զիջումներին: Մեզ հետաքրքրում են փոխադարձ փոխզիջումները: Իսկ մեր իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մենք պետք է զիջումներ անենք մի պետության, ժողովրդի, որը միայն ու միայն սպասում է հարմար առիթի, որ մեզ վրա կրակ բացի»:

«Եթե Ձեզ համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի դրույթը անկյունաքարերից մեկն է, իսկ Ադրբեջանը չի ընդունում այն, կնշանակի, որ Կազանում կայանալիք հանդիպումից առաջընթաց, համաձայնություն ակնկալել չարժե՞», - լրագրողի այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «Այդ դեպքում Ադրբեջանը պետք է ուղղակի հայտարարի, որ դեմ է Մադրիդյան համաձայնագրի դրույթներից երկուսին կամ առնվազն մեկին: Կամ էլ` միջազգային հանրությունը պետք է հայտարարի, որ չի ճանաչում ինքնորոշման իրավունքը: Այդ դեպքում վերջին տասնամյակների ողջ ջանքերը հօդս կցնդեն: Եվ հետո` եթե ինքնորոշման իրավունքը չի ճանաչվում, ապա ինչպե՞ս բացատրել տասնյակ պետությունների առաջ գալը, նրանց ինքնորոշումը: Ինչպե՞ս բացատրել բառացիորեն վերջերս Կոսովոյի անկախության ճանաչումը»:

«Ես նաեւ ցանկանում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում գերազանցապես հայերով բնակեցված մեկ այլ տարածաշրջան կար` Նախիջեւանը, սակայն խորհրդային շրջանում եւ դրանից անմիջապես հետո այդ ինքնավարությունը հայաթափվեց, եւ այսօր այնտեղ գործնականում ոչ մի հայ չկա», - ընդգծել է Հայաստանի նախագահը Euronews-ի հարցազրույցում: