Սարգսյանը զգուշավոր լավատեսություն է հայտնում Ղարաբաղի հարցի կարգավորման առթիվ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) շուրջ մեկ ժամ տեւած ելույթի եւ հարցուպատասխանի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, Կազանում հունիսի 24-ին կայանալիք հանդիպմանը, Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությանը, 2008 թվականի հետընտրական արյունոտ իրադարձությունների նախաքննությանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ այլ հարցերի:

Մասնավորապես, խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ երկու օրից Կազանում կայանալիք հանդիպման մասին, Սերժ Սարգսյանն ասաց, թե դժվար է վստահությամբ ասել, որ այդ բանակցությունները կունենան միայն դրական արդյունքներ, բայց ինքը Կազան է մեկնում լավատեսությամբ լցված` ցանկանալով, որ գան ընդհանուր հայտարարի:

Կազանում քննարկվելիք փաստաթուղթը, նրա խոսքերով, «իհարկե, հայկական կողմի երազած փաստաթուղթը չի», բայց «հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել մեծ հիմնական պայմանագրի ստորագրմանը, պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին»:

«Այնպես որ, եթե մենք հանդիպենք կառուցողական մոտեցման, եթե ադրբեջանական կողմը լրացուցիչ նոր առաջարկներով հանդես չկա, ես կարծում եմ, որ կարող ենք ակնկալել դրական արդյունքներ», - հայտարարեց Հայաստանի նախագահը:

«Ադրբեջանը խախտում է Մադրիդյան սկզբունքները»


Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչն է խանգարում կողմերին համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, Սերժ Սարգսյանն ասաց, թե հայկական կողմից որեւէ խնդիր չկա:

«Մենք դեռեւս 2007 թվականին հայտարարել ենք, որ այն սկզբունքները, որ դրված են Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթում, հնարավորություն են տալիս հասնել խնդրի արդարացի եւ երկարատեւ լուծմանը», - նշեց Սերժ Սարգսյանը, հիշեցնելով, որ այդ սկզբունքները երեքն են` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքը:

«Խնդիրը նրանում է, որ մենք այդ սկզբունքները հասկանում ենք մի կերպ, ադրբեջանցիները այդ սկզբունքները հասկանում են մեկ այլ կերպ», - շարունակեց Հայաստանի նախագահը` պարզաբանելով. - «Վերջին տարիներին Ադրբեջանը իր բոլոր պաշտոնյաների` ընդհուպ մինչեւ երկրի նախագահի բերանով հայտարարում է, որ պատրաստ է ռազմական ճանապարհով խնդրի լուծման: Ես կարծում եմ, որ շատ խորաթափանցություն պետք չէ այստեղ տեսնելու առաջին սկզբունքի խախտումը Ադրբեջանի կողմից»:

Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ Հայաստանը «ընդունել, ընդունում է, եւ մշտապես ընդունելու է» տարածքային ամբողջականության սկզբունքը:

«Հայաստանի կառավարությունը երբեք տարածքային որեւէ պահանջ չի ներկայացրել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ այլ որեւէ երկրի, եւ հենց այդ պատճառով է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը», - նշեց նա:

Անդրադառնալով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին` Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ադրբեջանցիներն այստեղ ունեն տարակարծություններ եւ այլ կերպ են մտածում. - «Ասում են, որ ազգերի ինքնորոշման իրավունքը իրենք ընդունում են, բայց ընդունում են կոնկրետ դեպքում` Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրականացումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Մենք ասում ենք, որ դա խուզած ինքնորոշման մասին է խոսքը, եւ ազգերի ինքնորոշումը այնպիսին պետք է լինի, որ հնարավորություն տա տվյալ ժողովրդին` ազատորեն տիրապետելու իր ճակատագիրը»:

Սերժ Սարգսյանը հավելեց, որ Մադրիդյան սկզբունքների կարեւորությունը կայանում է նրանում, որ դրանք որեւէ երկրի կողմից չեն կարող չընդունվել:

«Այն երկրները, որ չեն ուզում խնդիրները լուծվեն այս սկզբունքների հիման վրա, փորձում են տարբեր պատճառներ գտնել: Մենք որեւէ վերապահում խնդիրը այս սկզբունքներով լուծելու` չունենք», - եզրափակեց Հայաստանի նախագահը:շ

«Ենթահանձնաժողովի աշխատանքները արդյունավետ չեն լինի»


Պատասխանելով Վեհաժողովի պատվիրակներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվում մասնակցել ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ անհասկանալի է, թե ինչ ակնկալիք ունի Վեհաժողովը այդ հանձնաժողովից:

«Ենթահանձնաժողովը չունի որեւէ հնարավորություն տիրապետելու բանակցային գործընթացի մանրամասներին: Ենթահանձնաժողովը պատմական որեւէ հիշողություն չունի, նա չի տիրապետում նախորդ փուլերին եւ չի կարող օգտակար որոշում կայացնել: Եվ վերջապես, որքանով մենք տեղյակ ենք, Վերահաժողովի մանդատի մեջ չի էլ մտնում Ղարաբաղի խնդրի լուծումը, Ղարաբաղի խնդրի լուծումը եվրոպական կառույցները վստահել են ԵԱՀԿ-ին եւ այդ ձեւաչափը Մինսկի խմբի համանախագահները` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրներից երեքն են: Ավելի վստահելի, ավելի կոմպետենտ ձեւաչափ ես չեմ տեսնում, այնպես որ ես կարծում եմ, որ հանձնաժողովի աշխատանքները արդյունավետ չեն լինի եւ ես լիարժեք պաշտպանում եմ մեր պատվիրակության կարծիքը», - հայտարարեց Հայաստանի նախագահը:

«Մարտի 1-ը չի բացահայտվել, որովհետեւ բոլոր մեղավորները չեն հայտնաբերվել»


Ղարաբաղյան խնդրից բացի Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում խոսեց Հայաստանի ներքաղաքական խնդիրների, մասնավորապես` Մարտի 1-ի մասին:
Մենք այս գործին ներգրավել ենք մեր լավագույն մասնագետներին ...

Պատասխանելով 2008-ի հետընտրական իրադարձությունների շարունակվող հետաքննության մասին հարցին` Հայաստանի նախագահը հիշեցրեց, որ վերջերս քննչական մարմիններին հանձնարարական է տվել ավելի հանգամանորեն անդրադառնալ այս գործին եւ հույս հայտնեց, որ բոլոր հանցագործությունները կբացահայտվեն:

«Քննությունը չի ավարտվել շատ պարզ պատճառով` որովհետեւ բոլոր մեղավորները դեռեւս չեն հայտնաբերվել: Թե ինչո՞ւ չեն հայտնաբերվել` դրա համար բավականին մեծ եւ հիմքային պատճառներ կան, կարծում եմ` շատ-շատերի համար նաեւ հասկանալի» , - նշեց Սերժ Սարգսյանը: - «Մենք այս գործին ներգրավել ենք մեր լավագույն մասնագետներին եւ հսկայական աշխատանք է կատարվել»:

Նախագահ Սերժ Սարգսյանը հավելեց, որ եթե մինչեւ աշուն գործի քննությունը չավարտվի, դատախազությունը եւ քննչական խումբը պարտավոր են միջանկյալ զեկույց ներկայացնել հանրությանը:

Սարգսյանը չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել


Նախագահին հարց ուղղեց նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հայտարարելով, որ Հայաստանում հաստատվել է ավտորիտար ռեժիմ, Փոստանջյանը հարցրեց, թե չի՞ պատրաստվում արդյոք Սարգսյանը հրաժարական տալ եւ արտահերթ ընտրություններ կազմակերպել:

«Ոչ, ես չեմ պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել Հայաստանում, որովհետեւ ոչ դրա անհրաժեշտությունը կա, եւ ոչ էլ մեր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս այդքան հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - արձագանքեց Սերժ Սարգսյանը: - «Ես ձեզ կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել հերթական ընտրություններին»:

«Թուրքիան չհարգեց ստանձնած պարտավորությունները»


Այսօրվա իր ելույթում Հայաստանի նախագահն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Չեմ կարող կանխատեսել, թե այլեւս երբ կբացվի հնարավորության պատուհանը ...
Արձանագրելով, որ գործընթացը մտել է փակուղի, Սերժ Սարգսյանը արձանագրեց. - «Պատճառը մեկն էր. Թուրքիան վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչը անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը: Չեմ կարող կանխատեսել, թե հիասթափության եւ անվստահության պատին դեմ առնելուց հետո, այլեւս երբ կբացվի հնարավորության պատուհանը: Ցավով եմ ասում, բայց սա է իրականությունը»:

«Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ոչ միայն հայերի եւ թուրքերի համար, այլեւ տարածաշրջանում, կարծում եմ նաեւ ողջ Եվրոպայում խաղաղության, կայունության եւ համագործակցության մթնոլորտի հաստատման առումով: Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի», - հավելեց Հայաստանի նախագահը:

Your browser doesn’t support HTML5

Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում