Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում

Չորեքշաբթի օրը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Առավոտյան Հայաստանի նախագահը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ ժամանեց ԵԽԽՎ: Մուտքի մոտ Հայաստանի նախագահին դիմավորեց ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն:

Սերժ Սարգսյանը զրույցներ ունեցավ ազգությամբ թուրք Չավուշօղլուի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ:

«Կարծում եմ նաեւ Ձեր օժանդակությամբ որոշակի տեղաշարժեր ունենք մեր երկրի ներսում», - ԵԽԽՎ-ի համազեկուցողի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի նախագահը:

Պրեսկոտը, իր հերթին, ասաց. - «Առանց Ձեր քաղաքական հանձնառության չէր լինի դա: Վերջնական որոշումները դուք եք կայացնում»:

«Եթե հիշում եք, այդ քայլերի մասին մենք դեռեւս տեւական ժամանակ առաջ էինք խոսում: Իհարկե, Դուք ասում էիք, որ անհրաժեշտություն է, ես չէի ժխտում, որ իրոք անհրաժեշտություն է: Մենք բարենպաստ պայմանների կարիք ունեինք, եւ այդ պայմանները ստեղծվեցին», - Ջոն Պրեսկոտին ասաց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը նաեւ գրառում թողեց Եվրոպայի խորհրդի «Ոսկե մատյանում»:

Սերժ Սարգսյանի ելույթը նախատեսված է Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին: Ենթադրվում է, որ նա Վեհաժողովի լիագումար նիստում կխոսի Հայաստանի ներքաղաքական խնդիրների, Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, նաեւ` հայ - թուրքական հարաբերությունների մասին:

Ելույթից հետո, ընդունված կարգի համաձայն, Վեհաժողովի պատվիրակները Սերժ Սարգսյանին հարցեր տալու հնարավորություն կունենան:

Հայաստանի նախագահին հարցեր տալու համար արդեն իսկ հերթագրվել են ադրբեջանցի 5 պատվիրակներ:

Սերժ Սարգսյանին հարցեր տալու ցանկություն են հայտնել նաեւ Հայաստանի պատվիրակները, մասնավորապես` Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը:

Ստրասբուրգ կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Եվրոպայի խորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստայի հետ:

Եվրոպայի խորհրդում 2004 թվականին ելույթ էր ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ ելույթում նա հայտարարել էր, որ Հայաստանը կատարել է Եվրախորհրդին անդամակցելու կապակցությամբ ստանձնած պարտավորությունների ճնշող մեծամասնությունը: