Թուրքիան եւ Վրաստանը` իրենց իսկ հաջողության զո՞հ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը բացում են Սարպիի արդիականացված սահմանային անցակետը, 31-ը մայիսի, 2011թ.

Կովկասի տարածաշրջանի հարցերի գիտակ, ղարաբաղյան հակամարտության թեմային նվիրված «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը National Interest հանդեսում կարծիք է հայտնում, որ ե'ւ Թուրքիան, ե'ւ Վրաստանը կարող են աստիճանաբար վերաճել յուրօրինակ «միակուսակցական» պետությունների եւ այդպիսով դառնալ իրենց իսկ գրանցած հաջողությունների զոհերը:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության աշխատանքի շնորհիվ Թուրքիան ստեղծել է այսօրվա դրությամբ մոլորակի 17-րդ խոշոր տնտեսությունը: Բայց, միեւնույն ժամանակ, մեծ թվով թուրքեր թեթեւացած շունչ են քաշել` համոզվելով, որ կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չի ստացել, նշում է դե Վաալը: Ուստի, Սահմանադրությունը փոխելու համար «Արդարություն եւ զարգացում»-ը ստիպված կլինի գործարքներ կնքել խորհրդարան անցած այլ ուժերի հետ, իսկ սա, իր հերթին, նշանակում է, որ Ռեջեփ Էրդողանը չի կարողանա գնալ «պուտինիզմի» ճանապարհով եւ դառնալ հզոր լծակներով օժտված նախագահ:

Վրաստանը առաջիկայում կարող է հայտնվել նմանօրինակ կացության մեջ: Իշխող կուսակցությունը` «Միացյալ ազգային շարժումը» երկու անգամ հաղթել է եւ առաջատարի դերում է քաղաքական ասպարեզում:

2012-13 թվականներին Վրաստանում տեղի կունենան նոր ընտրություններ` համապատասխանաբար խորհրդարանական եւ նախագահական: Արդյո՞ք կուսակցությունը հանուն իշխանությունը պահպանելու չի դիմի այնպիսի քայլերի, որոնք կարժեզրկեն ձեռքբերումները:

Վրաստանի պարագայում, ըստ դե Վաալի, մտահոգիչն այն է, որ «Միացյալ ազգային շարժումը» հսկողության տակ է վերցրել ոչ միայն գործադիր եւ օրենսդիր իշխանությունները, այլեւ գրեթե բոլոր շրջանների տեղական իշխանության մարմինները:

Ավելին, այն ունի երեք համապետական հեռուստակայանների լիակատար աջակցությունը: Իշխանամետ մամուլը քարոզում է այն գաղափարը, թե «Միացյալ ազգային շարժումը» միակ ուժն է, որը կարող է լուծել երկրի հարցերը: Այդ դիրքը կուսակցությունն ապահովել է մի երկրում, որն ունի բավական թույլ դատական համակարգ:

Անցյալ տարի Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում իշխանության կողմից առաջադրված Գիգի Ուգուլավան ջախջախիչ պարտության է մատնել ընդդիմադիր թեկնածու Իրակլի Ալասանիային:

Իսկ գյուղերում, որտեղ համատարած գործազրկություն է, դե Վաալի փոխանցմամբ, գրեթե ամեն տան վրա գրված է «5» թիվը` դա կուսակցության թիվն է քվեաթերթիկում:

Ինչպես եւ Թուրքիան, Վրաստանն իրեն գովազդում է որպես տնտեսական հաջողություն ապահոված երկրի օրինակ, սակայն հաջողությունները 2004-2008 թվականներին են գրանցվել: Հիմա այլ վիճակ է` բարձր գործազրկություն եւ պարենի գնաճ:

Այսպիսի պայմաններում բազմակուսակցական քաղաքականությունն ավելի գերադասելի է` ինչպես Թոմաս դե Վաալն է նշում, «այդպես հնարավոր է գոնե մեկի հետ կիսել անհաջողության պատասխանատվությունը»: