Ռազմիկ Զոհրաբյանը բացառում է ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով պատվիրակության ձեւավորումը

ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը բացառեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով պատվիրակության ձեւավորումը:
Ուրբաթ երեկոյան ՀՀԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` կուսակցության ղեկավար, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

«Նման [պատվիրակության ձեւավորման] հարց ընդհանրապես չկա, որ քննարկեր կամ չքննարկվեր: Մենք չենք պատրաստվում որեւէ պատվիրակություն կազմել` երկխոսելու ընդդիմադիրների հետ… Դա բացառվում է», - հայտարարեց Զոհրաբյանը` շարունակելով. - «Եթե ընդդիմությունը ինչ-որ խնդիրներ ունի իշխանության հետ, կարող է դիմել համապատասխան նախարարություն կամ գերատեսչություն եւ այդ խնդիրները լուծել»:

Նրա փոխանցմամբ երեկվա խորհրդակցության ժամանակ չեն քննարկվել նաեւ նախընտրական հարցեր, չի խոսվել արտահերթ ընտրությունների մասին. - «Բացառապես դրա մասին խոսք չի գնացել: Չկա այդպիսի ֆորմատ, որպեսզի ընտրություններ քննարկվի… Դա բացառվում է»:

ՀԱԿ-ը, հիշեցնենք, արդեն հրապարակել է իշխանության հետ երկխոսելու նպատակով ձեւավորած պատվիրակության կազմը, որի անդամներից Դավիթ Շահնազարյանը Զոհրաբյանի հայտարարությունների կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Նման մոտեցումները լուրջ չեմ համարում: Եվ կարծում եմ, որ իշխանությունը հասկանում է ստեղծված իրավիճակը, որ ո'չ արտաքին քաղաքական մարտահրավերները, ո'չ ահագնացող սոցիալ-տնտեսական վիճակը որեւէ կերպ դրական ուղղությամբ շարժելու որեւէ հնարավորություն ինքը` իշխանությունը չունի»:

Your browser doesn’t support HTML5

Ռազմիկ Զոհրաբյանը բացառում է ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով պատվիրակության ձեւավորումը