Իտալիայում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել տոնական միջոցառումների

Իտալիա -- Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մասնակցում են տոնական միջոցառումներին, Հռոմ, 2-ը հունիսի, 2011թ.

Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Հռոմ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին. տոնակատարությունների շրջանակում հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները ներկա են գտնվել զինվորական շքերթին, իսկ երեկոյան «Կվիրինալե» պալատում նրանք կունկնդրեն տոնի առիթով կազմակերպված համերգը:

Իտալիայի համար այս հոբելյանական տարվա կարեւորագույն միջոցառումներից է Հանրապետության հռչակման օրը` հունիսի 2-ը: Այս առիթով Իտալիայում են հավաքվել 80 երկրների պատվիրակությունները:

Այսօր ի պատիվ պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նախատեսված է նաեւ պաշտոնական ընթրիք` Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի եւ տիկին Կլիո Մարիա Նապոլիտանոյի անունից:

Ավարտելով աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կվերադառնա Երեւան: