Ճգնաժամը հարկադրել է Բելառուսին օգնության համար դիմել ԱՄՀ-ին

Բելառուսն այսօր հայտարարել է, որ երկրում խորացող ֆինանսական ճգնաժամից խուսափելու համար դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)` ստաբիլիզացիոն վարկ տրամադրելու խնդրանքով:

Վարկի տրամադրման շուրջ հնարավոր համաձայնության պայմաններն առայժմ չեն հրապարակվում:

Վերլուծաբանների գնահատմամբ, Բելառուսի ֆինանսական ճգնաժամի պատճառը Ռուսաստանից ներկրվող էներգակիրների գնի շեշտակի բարձրացումն է եւ անցած տարվա նախագահական ընտրություններից առաջ պետական միջոցներից կատարված խոշոր ծախսումները:

Նախագահ Ալեկսանդր Լուկաշենկայի կառավարությունը ապրիլին հարկադրված էր ավելի քան մեկ երրորդով արժեզրկել ազգային արժույթը, իսկ մայիսի սկզբին Ռուսաստանը մերժեց 1 միլիարդ դոլարի վարկ տրամադրել Բելառուսին, որը Մինսկին հնարավորություն կտար փրկել իրավիճակը: