ԱԺ նախագահ. «Իշխանությունը պատրաստ է քննարկել ողջամիտ առաջարկներ»

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի նախագահը կգնա Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ երկխոսություն սկսելու քայլին եւ կկազմակերպի այն:

Արձագանքելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին, Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց, թե համոզված է, որ երկխոսությունը բխում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից:

Լեւոն Տեր-Պետրոսյանը երեքշաբթի օրը Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք արդեն պատրաստ են «իշխանության հետ ֆորմալ, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»:

ԱԺ նախագահը դժվարացավ հստակ ասել, թե երբ կսկսվի երկխոսությունը, պարզ չէ նաեւ, թե իշխանությունները ինչ ֆորմատով են մասնակցելու երկխոսությանը:

«Դա հանրապետության նախագահի որոշելիք գործն է, այդ ֆորմատը դեռ չենք քննարկել, բայց առաջիկայում երեւի հայտնի կլինի», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ընդդիմության առաջ քաշած պայմանների վերաբերյալ Աբրահամյանը նշեց, թե պատրաստ են քննարկել ողջամիտ առաջարկներ:

Մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը կհամաձայնվի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել:

«Երկխոսություն միգուցե լինի, բայց ես բացառում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնի, որ տեղի ունենան արտահերթ նախագահական ընտրություններ», - հայտարարեց Ռազմիկ Զոհրաբյանը:

Նշելով, թե իրենք արդեն հայտարարել են, որ 2013 թվականին կոալիցիան որպես միասնական թեկնածուի պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Զոհրաբյանը հավելեց. - «Այսինքն, մենք նախագահական ընտրությունները տեսնում ենք 2013 թվականին, խորհրդարանական ընտրությունները` 2012-ին, իր ժամանակին: Կգա ժամանակը, եւ Սահմանադրության համաձայն կանցկացվեն այդ ընտրությունները»:

«Ընդդիմությունը պետք է բարի կամք եւ խելամտություն դրսեւորի եւ ընդունի, որ ընտրությունները եղել են լեգիտիմ` որոշակի թերություններով: Պետք է ունենալ քաջություն, համբերել եւ 2012-ին մասնակցել խորհրդարանական, իսկ 2013-ին` նախագահական ընտրություններին: Եվ ով կընտրվի` կընտրվի», - նշեց Հանրապետականի փոխնախագահը:

Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկած` երկխոսության համար պատվիրակություն կազմելուն, ապա, ըստ Զոհրաբյանի, «օրակարգում նման հարց չկա, չի քննարկվել»:

«Եթե երկխոսություն լինի, ապա դա պետք է լինի կոալիցիայի հետ, որովհետեւ կոալիցիան միասնական ծրագրով է առաջնորդվում», - ընդգծեց Հանրապետական կուսակցության փոխնախագահը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տեր-Պետրոսյանի հայտարարությանը արձագանքեց նաեւ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Հակադարձելով առաջին նախագահին` Մարգարյանն ասաց, թե երկխոսության փաստով իրենք անհանգստացած չեն, հակառակը` անցած երեք տարիների ընթացքում, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Դաշնակցությունն է մշտապես ասել, որ քաղաքական անկայունությունը եւ ցնցումները վտանգավոր են, եւ Ղարաբաղի հարցն ու արտաքին ճնշումները հաշվի առնելով, չպետք է անել այնպիսի քայլեր, որոնցից կօգտվի թշնամին:

«Անշուշտ, մտահոգություններ մեզ համար կան. ոչ մի ժամանակ իրենք չպետք է ունենան այն հավակնությունը, որ ժողովրդի անունով են երկխոսում իշխանության հետ: Իրենք իբրեւ ՀԱԿ են երկխոսում իշխանության հետ, եւ ժողովրդի անունով չեն կարող հարցեր որոշել», - հայտարարեց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը` հավելելով. - «Նման լիազորագիր ժողովուրդը ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին է տվել, ոչ էլ Սերժ Սարգսյանին: Հակառակը` կա հավանաբար միտում, որ մեկը գրավի իշխանության դաշտը, մյուսը ընդդիմության դաշտը, եւ ամբողջ քաղաքական դաշտը ղեկավարելի դարձնեն միասին եւ խաղից դուրս թողնեն բոլոր մյուս ուժերին»:

Հրանտ Մարգարյանը անդրադարձավ նաեւ Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իր նախագահության տարիներին Դաշնակցությունը մտահոգված չի եղել Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ տարիներին Դաշնակցությունը գրեթե ամենօրյա ցույցերի միջոցով ամեն ինչ արել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու համար:

«Այդ օրերին մեր միտինգները ունեին մեկ նպատակ` փորձում էինք իշխանությանը ստիպել, որ ղարաբաղյան պայքարին տեր կանգնի եւ մասնակից դառնա, երբ իրենք խոսում էին, որ Ղարաբաղի հարցը ղարաբաղցիների հարցն է», - նշեց Դաշնակցության ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին` Հրանտ Մարգարյանի փոխանցմամբ միամտություն է կարծել, թե իշխանության հետ կարելի է երկխոսել նրա հրաժարականի մասին: Մարգարյանը չի կարծում, որ Տեր-Պետրոսյանը այդքան միամիտ է: Նրա համոզմամբ` այստեղ «այլ խաղ է տեղի ունենում»: Մասնավորապես, արտահերթ խորհրդարանական ընտրությունները նաեւ իշխանությունների օգտին են, քանի որ դրանք հետաձգում են նաեւ նախագահական ընտրությունները:

«Եթե այս երկխոսության արդյունքում իսկապես լինեն արտահերթ ընտրություններ, դա կարելի է համարել դավադրություն ժողովրդի դեմ», - հայտարարեց Հրանտ Մարգարյանը: