Փաշինյանի կինը հավանական է համարում ամուսնու ազատ արձակումը

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ազատելու կոչերով ցուցանակ են պարզել

Հավանականություն կա, որ մինչեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախանշած օրը` մայիսի 31-ը, Նիկոլ Փաշինյանը ազատության մեջ լինի, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, վերլուծելով երկրում ընթացող վերջին զարգացումները:

Ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. - «Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը»:

«Հնարավոր չէ լինել բանական մարդ, եւ հաշվի առնելով վերջին զարգացումները երկրում` իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ տեղի ունեցող գործընթացները, չմտածել, որ այսօր հնարավորություն կա, որ կարող է ազատ արձակվել», - նշեց Աննա Հակոբյանը` ու հավելեց. - «Գտնում եմ, որ այդ հայտարարությունը, որ իրենք ամսի 31-ի հանրահավաքին ելույթ են ունենալու, չի կարող անհիմն լինել: Ես վստահ եմ, որ Հայաստանի առաջին նախագահը ունի հիմքեր նման հայտարարություն անելու, բայց դա չի նշանակում, որ ամեն պահի չի կարող իրադրություն փոխվել, կարող է բոլորովին այլ պրոցես ընթանալ: Այնպես որ, մնում է միայն սպասել»:

Փաշինյանի կնոջ կարծիքով, այն փաստը, որ Հայ ազգային կոնգրեսի համակիր բազմաթիվ քաղաքացիներ վճռականություն են հայտնել նստացույց կազմակերպել, եթե կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակելու պահանջը չկատարվի, վստահություն է ներշնչում, որ եթե նույնիսկ ինչ-որ բան գործընթաց սխալ ուղղությամբ ընթանա կամ խափանվի, միեւնույնն է` Նիկոլը կազատվի:

«Վստահ եմ, որ այդպես կլինի: Նստացույցը, իմ համոզմամբ, մի բան է, որին իշխանությունները պատրաստ չեն, ու ամեն ինչ կանեն, որպեսզի դա տեղի չունենա», - ասաց Աննա Հակոբյանը:

Մայիսի 5-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շուրջ 1 ժամ տեւողությամբ հանդիպում անցկացրեց անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ: Դրա նախորդ օրը Տեր-Պետրոսյանը տեսակցել էր նաեւ Սասուն Միքայելյանի հետ:

«Ես, որպես անհատ, այդ քայլը դիտեցի որպես սկսված գործընթացների շղթայի մի մաս: Դա կարող է նաեւ հավելյալ ճնշում լինել այդ պայմանը կատարելու ուղղությամբ», - ասաց նա:

Նիկոլի կինը չի ցանկանում խոսել ամուսնուն ազատ արձակելու իրավական հիմքերի մասին, ասում է` նրան առաջադրված մեղադրանքներն անհիմն է, հետեւաբար իշխանությունը, երբ ցանկություն ունենա` կազատի Նիկոլին:

Փաշինյանն անազատության մեջ է գտնվում 2008-ի հետընտրական զարգացումների առնչությամբ: Ազատազրկված է 2009 թվականի հուլիսի սկզբից: 2010-ի հունվարին նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ Փաշինյանի նկատմամբ համաներում է կիրառվել, եւ վերջնական ազատազրկման ժամկետ է սահմանվել 3 տարի 11 ամիսը:

Your browser doesn’t support HTML5

Աննա Հակոբյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը շուտով ազատ կարձակվի