«Ժառանգության» պատգամավորները հանդիպում են ունեցել ոստիկանապետի հետ

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Ստեփան Սաֆարյանը եւ Անահիտ Բաշխյանը երեքշաբթի օրը հանդիպում են ունեցել Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Պատգամավորները ոստիկանապետին փոխանցել են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, համաձայն որի Ազատության հրապարակում մարտի 15-ից հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վրան տեղադրելու իրավունք ունի: Ոստիկանապետը ասել է, թե դա բացառվում է:

«Ոստիկանապետը ասաց, որ վրանը բացառվում է` անկախ օրենքներից, հիմնավորումներից: Ասաց` եկեք օրենքներից չխոսենք... Ես այդտեղից հստակ եզրակացրեցի, որ եթե ոստիկանապետը ինքը նման որոշում չի կարող կայացնել: Ուրեմն որոշումը կայացվում է նախագահականում եւ անձամբ նախագահի կողմից, եւ նախագահը չի տալիս վրանի թույլտվություն», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը փոխանցեց Անահիտ Բախշյանը:

«Ժառանգության» պատգամավորներին այսօր հաջողվել է մեծ հովանոց տեղադրել Ազատության հրապարակում` պայմանով, որ այն կբացվի միայն անձրեւի դեպքում եւ ուշ ժամերին:

Այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի նախկին արտգործնախարար, Սիվիլիթաս հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը` կոչ է անելով նախագահ Սերժ Սարգսյանին այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հորդորել նրան դադարեցնել հացադուլը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ ներկա նախագահը 2007-ին դեռ վարչապետի պաշտոնում այցելել է նշանավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին եւ հորդորել դադարեցնել քաղաքական դրդապատճառներից սկսած հացադուլը, ապա կարծում եմ` Հանրապետության նախագահը նույն քայլը կարող է ձեռնարկել Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում: Այս քայլը կնպաստի Հայաստանի ներքաղաքական իրադրության բարելավմանը, ինչպես նաեւ ելք կլինի ստեղծված իրավիճակից», - ասվում է այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:

Ըստ Օսկանյանի` հացադուլի ամեն հաջորդ օր անդրադառնում է Րաֆֆի Հովհաննիսյանի (ով հաստատակամ է շարունակել իր քաղաքացիական բողոքը) առողջության վրա, եւ դա գնալով ավելի ակնհայտ է դառնում:

«Անկասկած, իր այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը արտահայտում է Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի հուսահատությունը եւ հեռանկարի բացակայությունը», - ասվում է հայտարարությունում:

Your browser doesn’t support HTML5

«Ժառանգության» պատգամավորները հանդիպում են ունեցել ոստիկանապետի հետ