Իսրայելի նախկին նախագահը 7 տարվա ազատազրկման դատապարտվեց բռնաբարության համար

Թել Ավիվի դատարանը այսօր 7 տարվա ազատազրկման է դատապարտել Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավին` բռնաբարության եւ սեռական բնույթի այլ հանցագործությունների համար:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` դատավճռի հրապարակումից հետո 65-ամյա Կացավը արտասվել է եւ աղաղակել. - «Դուք սխալ գործեցիք: Դա սուտ է: Աղջիկները գիտեն, որ դա սուտ է»:

Անցած տարվա դեկտեմբերին Թել Ավիվի դատարանը մեղավոր էր ճանաչել նախկին նախագահին իր ենթակա աշխատակցուհուն երկու անգամ բռնաբարելու, եւս երկուսին սեռական հետապնդումների ենթարկելու մեջ:

Մոշե Կացավը հրաժարական է տվել 2007 թվականի հունիսին` նախագահական 7-ամյա ժամկետի լրանալուց երկու շաբաթ առաջ, դատախազության հետ մինչդատական համաձայնության շրջանակներում: Այդ համաձայնությունը Կացավին պաշտպանում էր բռնաբարության մեղադրանքից եւ ազատազրկումից` այլ, պակաս ծանր իրավախախտումներ ընդունելու եւ հայցվորներին փոխհատուցում վճարելու պայմանով: Մեկ տարի անց, սակայն, նախկին նախագահը խախտել է համաձայնությունը` որոշելով դատարանում պայքարել իր լիակատար արդարացման համար: