Բնության պահպանության համաշխարհային ցուցիչում Հայաստանը 76-րդ տեղում է

Յեյլ եւ Կոլումբիա համալսարանների գիտնականների կազմած Բնության պահպանության համաշխարհային ցուցիչում Հայաստանը 163 երկրների շարքում զբաղեցրել է 76-րդ տեղը: Վրաստանը ցուցիչում 59-րդն է, Ադրբեջանը` 84-րդը:

Այս մասին տեղեկացրել է ՌԷԿ Կովկաս բնապահպանական կազմակերպությունը` այսօր տարածած հաղորդագրությամբ:

Հիմնվելով 25 ցուցանիշների վրա, գիտնականները չափել են, թե որքանով են ցուցիչում ընդգրկված երկրները խնայողաբար վերաբերվում օդի, ջրի մաքրությանը, ինչպիսին է բնապահպանության, արտադրական թափոնների ոլորտի օրենսդրությունը եւ ինչ քայլեր են ձեռնարկվում բնության մաքրության եւ էկոհամակարգի վերականգնման համար:

Ըստ այդմ, ցուցիչում առաջին եւ երկրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Իսլանդիան եւ Շվեյցարիան: Կոստա Ռիկան, որը էկոտուրիզմի զարգացման ծրագիր է իրականացնում եւ խիստ միջոցառումներ է ձեռնարկել կենսաբազմազանության պահպանման համար, հայտնվել է ցուցիչի երրորդ տեղում:

Ցուցիչում վերջին հորիզոնականներում են հայտնվել Միացյալ Արաբական Էմիրություններն ու Նիգերիան: