Լիբիայի նախագահին հավատարիմ ուժերը վերանվաճում են Ալ-Զավիայի կենտրոնական հրապարակը

Նախագահ Մուամար Քադաֆիին հավատարիմ զինվորական ստորաբաժանումները գրավել են Լիբիայի արեւմտյան հատվածում գտնվող Ալ-Զավիա քաղաքի կենտրոնական հրապարակը:

«Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հաղորդում է, որ միայն չորեքշաբթի օրը Ալ-Զավիայի համար մղվող մարտերում առնվազն 40 մարդ է սպանվել:

Լիբիական օդուժը ռմբակոծել է Ռաս Լանուֆ քաղաքում գտնվող նավթային ենթակառուցվածքները:

Լիբիայի ընդդիմությունը ռազմական աջակցության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը, իսկ Մուամար Քադաֆին հայտարարել է, թե լիբիացիները զենք կվերցնեն, եթե Արեւմուտքը իրականացնի Լիբիայի նկատմամբ ոչ թռիչքային գոտի սահմանելու սպառնալիքը` օդուժին զրկելով ապստամբների դեմ գրոհներ կազմակերպելու հնարավորությունից:

Քադաֆին նաեւ 400 հազար դոլարի դրամական պարգեւ է սահմանել ապստամբների առաջնորդ Մուստաֆա Աբդել Ջալիլին հայտնաբերելու համար: