«Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» կայքէջը նաեւ հայերեն բաժին ունի

Այսօր Բաքվում կայացել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության պաշտոնական կայքէջի շնորհանդեսը:

Կայքէջը ունի ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն եւ հայերեն բաժիններ: Հայերեն բաժնի առկայությունը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովի հավաստմամբ, «ցույց է տալիս Ադրբեջանի հանդուրժողականությունը»:

www.karabakh.az կայքում, մինչդեռ, տեղադրված են ադրբեջանական պաշտոնական քարոզչությանը համահունչ նյութեր, ընդ որում հայերեն բաժնում` բազմաթիվ տառասխալներով եւ ոճական սխալներով:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան եւս չի թաքցրել, որ կայքէջի ստեղծումը քարոզչական նպատակներ ունի: «Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է մասնակցի տեղեկատվական պատերազմին», - «Թրենդ» լրատվական գործակալության վկայությամբ` հայտարարել է, մասնավորապես, Ասլանովը: