Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը իր դեմ քրեական գործը կապում է քրոջ գործունեության հետ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան

Արաբկիրի թաղապետարանում որպես առաջատար մասնագետ աշխատող Տիգրան Փոստանջյանը, ով ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է, երկուշաբթի օրը դիմել է Վարչական դատարան:

Նրա փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Տիգրան Փոստանջյանը դատախազությունից պահանջում է հերքել փետրվարի 18-ին տարածած հաղորդագրությունը` որով, ըստ փաստաբանի, խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը:

Դատախազության հիշյալ հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն: Մասնավորապես` Տիգրան Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից 2010 թվականի սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100 հազար դրամ վարձատրություն»:

«Այստեղ անմեղության կանխավարկածի ամենաբացահայտ ու ամենաբիրտ խախտումն է, որը ինձ երբեւիցե պատահել է», - հայտարարեց փաստաբանը:

Գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պնդեց, որ իրենց հաղորդագրությունում անմեղության կանխավարկածի խախտում չկա:

«Այդտեղ նշված չէ անձի վերջնական մեղավոր կամ հանցագործ լինելու հանգամանքը», - ասաց Տոնոյանը:

«Քաղաքական ենթատեքստ»


Տիգրան Փոստանջյանը վստահ է, որ հիշյալ քրեական գործը, իր ձեւակերպմամբ` ուժային կառույցների միջոցով իր քրոջ` Զարուհի Փոստանջյանի դեմ սկսված հետապնդումների մասն է կազմում:

Դատախազության հաղորդագրության տարածումից անմիջապես հետո Տիգրան Փոստանջյանը Ազգային ժողովի նախագահին, Ազգային անվտանգության ծառայության պետին, Հայաստանում Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչներին հասցեագրված հայտարարության մեջ նշել է, որ իրեն զանգահարել է մի անծանոթ տղամարդ, եւ ասել. - «Դատախազությունը կառավարության հետ միասին գլխիդ գործ են ուզում սարքել` քրոջդ գործունեության պատճառով»:

Հայտարարությունում պատգամավորի եղբայրը նաեւ ասում է. - «Հատկանշական է այն փաստը, որ իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանց նախապես ինձանից բացատրություններ ստանալու կամ որեւէ այլ կերպ իմ տեսակետը լսելու»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները պնդում են, որ այս պատմությունը քաղաքական ենթատեքստ ունի:

«Սա ուղղված է ե՛ւ իմ դեմ, ե՛ւ «Ժառանգության» դեմ, ե՛ւ ամբողջ ըմբոստ հասարակության դեմ: Քաղաքական իրավիճակն է, որ դրդում է իշխանություններին գնալ նման ապօրինի քայլերի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ` այս գործը քաղաքական հետապնդման վառ օրինակ է, եւ «Ժառանգությունը» դիմելու է համարժեք քաղաքական քայլերի:

«Գործի ընթացքով եւ զարգացումներով հետաքրքրվում են միջազգային իրավապաշտպան կառույցները, օրինակ` Human Rights Watch-ը», - նշեց Ստյոպա Սաֆարյանը: