Երեւանում բացվեց գրքի 6-րդ ցուցահանդես-տոնավաճառը

Երեւանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հինգշաբթի օրը բացվեց գրքի եռօրյա ցուցահանդես-տոնավաճառը:

Այն արդեն 6-րդ անգամ անցկացվում է գրադարանի տնօրենի` Ռուզան Տոնոյանի նախաձեռնությամբ: Այս անգամ տոնավաճառին մասնակցում են շուրջ 36 հայաստանյան տպագրատներ ու հրատարակչություններ:

Երեւանյան գրքի ցուցահանդես-տոնավաճառները միշտ էլ մարդաշատ են եղել: Այսօր եւս գրադարանում ասեղ գցելու տեղ չկար:

«Հաջորդ ցուցահանդեսը հավակնում է դառնալ միջազգային, որովհետեւ այս պահին արդեն հայտ են ներկայացրել Բեյրութի, Հալեպի հայկական հրատարակչությունները, կմասնակցեն նաեւ Վրաստանը, Իրանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց միջոցառման նախաձեռնողը` Ռուզան Տոնոյանը:

Ցուցահանդես-տոնավաճառը կփակվի փետրվարի 19-ին` հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Հիշեցնենք, որ այդ օրը Հայաստանի գրողների միության կողմից հռչակվել է որպես գիրք նվիրելու օր:

Երեւանում բացվեց գրքի 6-րդ ցուցահանդես-տոնավաճառը

Your browser doesn’t support HTML5

Երեւանում բացվեց գրքի 6-րդ ցուցահանդես-տոնավաճառը