Ադրբեջանում պահանջում են ապամոնտաժել Մուբարաքի հուշարձանը

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հուշարձանը Բաքվի Խրդալան արվարձանում

Արդեն մի քանի օր է, ինչ Եգիպտոսի նախագահի` Բաքվի արվարձաններից մեկում գտնվող հուշարձանը ոստիկանական ուժեղացված հսկողության ներքո է:
Բաքվի քաղաքային իշխանությունները այս քայլին դիմեցին ադրբեջանական ընդդիմության մի շարք գործիչների` հուշարձանն ապամոնտաժելու կոչերից հետո:

Եգիպտոսում ծագած ներքաղաքական ճգնաժամի ֆոնին նման հայտարարություններով հանդես եկան սկզբում Ադրբեջանի լիբերալ կուսակցության ղեկավար Լալա Շովքեթ Հաջիեւան, ապա նաեւ` Ժողովրդական ճակատի առաջնորդներից Փանահ Հուսեյնը: Ադրբեջանցի ընդդիմադիրը նաեւ պահանջել էր չեղյալ հայտարարել կրթության նախարարության ավելի վաղ կայացրած որոշումը, որով Բաքվի դպրոցներից մեկին շնորհվել էր Եգիպտոսի առաջին տիկնոջ` Սյուզան Մուբարաքի անունը:

Հոսնի Մուբարաքի հուշարձանը գտնվում է Բաքվի արվարձան Խրդալանում: Հուշարձանի ստեղծմանն ի պատասխան` Կահիրեից ոչ հեռու գտնվող քաղաքներից մեկում կանգնեցվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը: Երկու դեպքում էլ, ըստ ադրբեջանական աղբյուրների, բոլոր ծախսերը հոգացել է պաշտոնական Բաքուն:

Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները ոգեւորել են ադրբեջանական ընդդիմությանը: Շաբաթասկզբին ադրբեջանցի ընդդիմադիրները բողոքի ակցիա էին կազմակերպել Բաքվին մերձակա Նովխանի ավանում` «Երեկ` Բեն Ալին, վաղը` Իլհամ Ալին» կարգախոսների ներքո, պնդելով, թե Ադրբեջանի նախագահը նույն ճակատագրին է արժանանալու, ինչ իր թունիսցի պաշտոնակիցը:

«2011 թվականը Ադրբեջանում կդառնա ժողովրդավարական բարեփոխումների տարի: Մեր երկիրը լուրջ փոփոխությունների շեմին է: Այդ փոփոխությունները իրականացնելու է անցած տարեվերջին ստեղծված «Հանրային պալատ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը միավորում է բոլոր առաջատար ընդդիմադիր կուսակցություններին», - հայտարարել է «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարը:

Ու թեեւ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ երկրում սոցիալական ընդվզման որեւէ նախադրյալ չկա, այնուհանդերձ, շարքային ադրբեջանցիների շրջանում դժգոհությունները կարծես աճում են:

Երկուշաբթի օրը Ադրբեջանի սակագնային խորհուրդը որոշեց մոտ 50 տոկոսով ավելացնել խմելու ջրի եւ մոտ 10 անգամ` փոստային առաքումների սակագները: Բացի այդ, աճել է մարդատար գնացքների տոմսերի գինը:

«Սա լուրջ ցնցում կլինի երկրի աղքատացած բնակչության համար: Կառավարությունը երբեք նման կտրուկ կերպով չի բարձրացրել թոշակները կամ աշխատավարձերը, միայն` սակագները», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ընդգծել է բաքվեցի տնտեսագետ Ռովշան Աղաեւը: