Համաշխարհային բանկը եւ Ֆինանսների նախարարությունը վարկային համաձայնագրեր են ստորագրել

Հայաստանի ֆինանսների նախարարությունը եւ Համաշխարհային բանկը այսօր ստորագրել են երեք վարկային համաձայնագրեր, որոնցով Հայաստանին ընդհանուր առմամբ կտրամադրվի 68 միլիոն դոլար վարկ:

Համաձայնագրերը ստորագրել են Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին: Այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարության լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժինը:

Ստորագրվել են ՀԲ-ի երկրի գործընկերության ռազմավարության զարգացման քաղաքականության վարկային 2009-12 թվականների փաթեթի երեք վարկային համաձայնագրեր` «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիրը», «Էլեկտրոնային հասարակության եւ մրցունակության համար նորարարության ծրագիրը» եւ «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորումը»:

Ինչպես հաղորդում է Ֆինանսների նախարարույունը, «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են ՀԲ-ի հետ համաձայնեցված մի շարք նախապայմաններ` աղքատության կրճատման եւ տնտեսության խթանման ուղղությամբ:

«Էլեկտրոնային հասարակության եւ մրցունակության համար նորարարության ծրագրի» նպատակն է վերացնել մրցակցային էլեկտրոնային հասարակության եւ ձեռնարկությունների նորարարության առկա խոչընդոտները:

Իսկ երրորդ ծրագրով նախատեսվում է ընդլայնել ընտանեկան բժշկության վրա հիմնված առողջության առաջնային պահպանման համակարգը եւ ընտրված մարզերում արդիականացնել առողջապահական ծառայությունների մատուցման ընտրված ցանցերը: