Պայթյուն Արմավիրի Լեռնագոգ գյուղում. երկու տուժածների վիճակը ծանր է

Կիրակի օրը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում պայթել է ականին նմանվող առարկա:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` երեկ առավոտյան տեղեկություն է ստացվել, որ նախօրեին ժամը 18:00-ի սահմաններում 18-ամյա Գեւորգ Գրիգորյանը եւ 24-ամյա Շիրազ Ղազարյանը հիշյալ գյուղին հարակից տարածքում հայտնաբերել են ականանման առարկա, այնուհետեւ սկսել քարերով հարվածել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթուն:

Պայթյունի հետեւանքով Գրիգորյանը եւ Ղազարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է ծանր: