Կիպրոսցի թուրքերը հակադարձում են Սերժ Սարգսյանին

Թուրքիայի եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության դրոշները Նիկոսիայի թուրքական հատվածում

Չորեքշաբթի օրը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Օզգուրգյունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Նիկոսիայում հունվարի 17-ին հնչեցրած ելույթը:

«Հայաստանի նախագահի հայտարարությունները հակասում են թե' Կիպրոսում առկա պատմական իրողություններին եւ թե' այստեղ ստեղծված իրավական կացությանը», - հայտարարել է ինքնահռչակ հանրապետության արտգործնախարարը:

Երկուշաբթի օրը Կիպրոսի խորհրդարանում ունեցած ելույթում Հայաստանի նախագահը, մասնավորապես, հայտարարել էր. - «Հայաստանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որեւէ փորձ: Մենք երբեք չենք համակերպվել եւ չենք համակերպվի մեր այս բարեկամ երկրի հյուսիսի գրավման հետ»:

Սրան ի պատասխան` Հյուսիսային Կիպրոսի արտգործնախարարը, ըստ թուրքական Hurriyet պարբերականի, հայտարարել է. - «Սարգսյանի հայտարարությունները վկայում են, որ նա բավարար տեղեկություններ չունի Կիպրոսի խնդրի մասին: Սա օտար պետության ղեկավարի կողմից Կիպրոսի հունական հատվածի ղեկավարությանը հաճոյանալու եւս մի փորձ է»:

Օզգուրգյունը նաեւ հայտարարել է, թե Թուրքիան, 70-ականների սկզբին ռազմական գործողություն իրականացնելով Կիպրոսի հյուսիսում, հիմնվում էր իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների վրա:

«1974 թվականին Թուրքիան խաղաղություն բերեց այս կղզի` փրկելով Կիպրոսի թուրքական բնակչությանը լիակատար ոչնչացումից», - ասել է կիպրոսցի թուրքերի ներկայացուցիչը:

«Ամենազարմանալին այն իրողությունն է, որ Կիպրոսի հյուսիսի գրավման մասին խոսում է մի պետության ղեկավար, որը որեւէ միջազգային համաձայնագրի դրույթների վրա չհիմնվելով, խախտելով միջագային իրավունքի նորմերը` տարիներ շարունակ օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը», - հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության արտգործնախարարը:

Կիպրոսի հյուսիսում բնակվող թուրքերն իրենց անկախությունը հռչակել են 1983 թվականին: Մինչ օրս ինքնահռչակ հանրապետության անկախությունը ճանաչել է միայն Թուրքիան: