Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հունվարի 18-21-ը կայցելի Հայաստան:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Համարբերգը հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի ու ոստիկանության պետի հետ, ինչպես նաեւ խորհրդարանական կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչներ հետ:

Այցի կապակցությամբ` Հայաստանի արտգործնախարարության հովանու ներքո կազմակերպվելու է «Անդրեյ Սախարով. տագնապ եւ հույս» խորագրով ցուցահանդես, որի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին, ժ. 18.30-ին:

Միաժամանակ, «Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» այսօր հայտարարել է, որ Համարբերգի ժամանակման օրը «Արմենիա - Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ իջեւանելու է եվրոպացի պաշտոնյան, «քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջով» պիկետ է կազմակերպելու: