Վիրահայերը հանդիպել են Իլիա երկրորդի հետ

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի գլխավորությամբ, երեկ հանդիպել են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի հետ:

Վիրահայոց թեմի մամլո դիվանի փոխանցմամբ` Իլիա երկրորդը ջերմորեն է ընդունել պատվիրակությանը: Նա իր հարգանքը եւ բարեկամական սերն է արտահայտել համայն հայության հանդեպ եւ հորդորել հավատարիմ մնալ դարերից եկող հայ - վրացական եղբայրությանը եւ բարեկամությանը, հույս հայտնելով, որ միասնական ուժերով կհաղթահարվեն երկու եկեղեցիներին եւ ժողովուրդներին հուզող հարցերը:

Վրաց պատրիարքը հույս է հայտնել, որ այս տարի կկայանա Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան, եւ ասել է, որ պատրաստ է ջերմորեն ընդունել Գարեգին երկրորդին:

Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան նախատեսված էր 2010 թվականին, սակայն տարբեր պատճառներով մի քանի անգամ հետաձգվելուց հետո տարվա ընթացքում այդպես էլ տեղի չունեցավ: