Քլինթոնը հանդիպել է բելառուս իրավապաշտպանների հետ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում հանդիպել է Բելառուսի իրավապաշտպան ակտիվիստների հետ եւ քննարկել այդ երկրում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները:

Հանդիպումից հետո ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է, որ Քլինթոնը շարունակում է կոչ անել Բելառուսի նախագահ Ալեեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմին` վերջ տալ ընդդիմության, մամուլի եւ քաղաքացիական հասարակության դեմ ռեպրեսիվ գործողություններին:

Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը արդեն երկու համատեղ հայտարարություն են հրապարակել` դատապարտելով Բելառուսում դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը եւ կոչ անելով անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին: