The Washington Post-ը անդրադարձել է Հայաստանի S-300-ին

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post թերթը երեկ անդրադարձել է Հայաստանում S-300 համակարգի առկայությանը:

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ S-300 հակաօդային պաշտպանության հրթիռներ ունի, եւ ասել, որ այդ հայտարարությունը արել է հարեւան Ադրբեջանին զինված հակամարտությունը վերսկսելու վտանգների մասին հիշեցնելու նպատակով», - նշված է Associated Press լրատվական գործակալության հաղորդագրությունում, որը զետեղել է ամերիկյան պարբերականը:

«Ռուսաստանը երկար ժամանակ է, ինչ S-300-ներ ունի Հայաստանում իր ռազմակայանում, սակայն չորեքշաբթի օրվա հայտարարությամբ առաջին անգամ է ճանաչվում այն փաստը, որը Հայաստանը սեփական հրթիռները ունի: Հստակ չէ, թե երբվանից Հայաստանը ունի դրանք», - նշում է Associated Press լրատվական գործակալությունը` մեջբերելով Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Դավիթ Կարապետյանի խոսքերը, թե հրթիռները «Ադրբեջանին կպարտադրեն պահպանել խաղաղությունը»:

Դեռ դեկտեմբերի 20-ին տարածած պաշտոնական հաղորդագրությունում Հայաստանի պաշտպանության նախարարությունը խոստովանել էր հայկական Զինված ուժերի զինանոցում S-300 համակարգի առկայությունը: