Զուրաբյանը նախագահի ելույթը որակեց որպես ընդդիմադիր գործչի ելույթ

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանի հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված նիստում որակեց որպես ընդդիմադիր գործչի ելույթ:
Երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսին ՀԱԿ ներկայացուցիչը ասաց, որ փաստորեն «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀԱԿ-ի պայքարին»` նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը շաբաթօրյա իր ելույթում անդրադարձավ նաեւ երկրում տիրող կոռուպցիային:

Ըստ Զուրաբյանի` «իշխանությունները հասկացել են, որ կանգնած են կոլապսի առաջ եւ առանց որեւէ փոփոխության հետեւանքները կլինեն շատ ավելի աղետալի»: Նրա համոզմամբ` հենց դա է պատճառը, որ կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին Սերժ Սարգսյանը սկսել է խոսել հիմա` իր պաշտոնավարման 3-րդ տարում:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, Զուրաբյանը նախագահին մաղթանքներ ուղղեց` դրանք «խորհրդատվական աջակցություն» որակելով Սարգսյանի հակակոռուպցիոն պայքարում:

«Քանի որ Սերժ Սարգսյանն է ներմուծել բամաթիվ մականունավորների Հանրապետական կուսակցություն, խորհուրդ եմ տալիս որպես առաջին քայլ կուսակցությունից հանել բոլոր մականունավորներին, իսկ նրանց կողմից ստեղծված «օբշչակը» եւ նրա ֆինանսական հոսքերը բացել հասարակական վերահսկողության համար», - ասաց Զուրաբյանը:

Նա նաեւ իշխանություններին մաղթեց դադարեցնել Ռուսաստանի իշխանություններին կապկելու սովորությունը:

«Ես չեմ ժխտում, որ կարելի է ինչ-որ բաներ սովորել Ռուսաստանի ղեկավարությունից, բայց բառացիորեն կրկնել Մեդվեդեւի խոսքերը կայունության եւ լճացման մասին նրա նոյեմբերի 24-ի ելույթից, այնքան էլ սազական չէ նժդեհյան ոգուն», - կարծիք հայտնեց Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը խոսեց նաեւ վերջերս տեղի ունեցած կադրային փոփոխությունների մասին` «նախագահի աշխատակազմի պրոտոկոլի աշխատողին ծեծելու, արդարադատության համակարգի աշխատողին ծեծելու համար չպատժելու, «մեռյալ հոգիներին» թոշակ վճարելու համար» եւ առաջարկեց. - «Պատժել ընդհանրապես ծեծելու եւ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների համար նունպես»:

Զուրաբյանի վերջին մաղթանքը վերաբերում էր նախագահ Սարգսյանի հրաժարականին:

«Բերում եմ իր իսկ խոսքերը` այո', դժվար է լինելու, բայց ոչ մի լավ բան այս աշխարհում հեշտ չի լինում», - ասաց Զուրաբյանը: