Հետախուզման մեջ գտնվող ռուսաստանցի հայ պատգամավորը չի զրկվել մանդատից

Ռուսաստանի Պետդումայի Մանդատների եւ Պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողովի նիստում որոշվել է, որ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը շարունակելու է աշխատավարձ ստանալ եւ իր մանդատից չի զրկվի:
Եղիազարյանին աշխատավարձ վճարելու հարցի քննարկումը պետդումայի մադատների հանձնաժողովը նախաձեռնել էր «Եդիանայա Ռոսիա» կուսակցությունից Ալեկսանդր Խինշտեյնի դիմումի հիման վրա:

Խինշտեյնը պահանջել էր ճշտել որքանով է օրինական պատգամավորին 160 հազար ռուբլի (ավելի քան 5000 դոլար) կազմող աշխատավարձը վճարելը, եթե վերջինս պետդումայի նիստերին եւ հանձնաժողովների աշխատանքին չի մասնակցում:

Դումայի մանդատների հանձնաժողովը հաստատել է, որ Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աշոտ եղիազարյանը իրոք արդեն երկար ժամանակ է, ինչ չի կատարում իր պարտականությունները, սակայն նրան պատգամավորի մանդատից զրկելու համար հիմքեր չկան:

Նոյեմբերի 3–ին Պետդուման պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Աշոտ Եղիազարյանին, այնուհետեւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց: 45-ամյա Եղիազարյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախության մեջ, նրան առաջադրված քրեական հոդվածը նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։

Ռուսաստանցի իրավապահները պնդում են,որ Եղիազարյանին պատկանող «Դեկորում» ընկերությունը Մոսկվայի կառավարության հետ համատեղ 2003 թվականին 200 միլիոն դոլարի վարկ է վերցրել գերմանական Deutsche Bank-ից Ռուսաստանի մայրաքաղաքի խոշորագույն հյուրանոցներից մեկի` «Մոսկվա»-ի հիմնանորոգումն իրականացնելու համար, սակայն գումարները փոշիացվել են: Հետագայում վարկի զգալի մասը` մոտ 90 միլիոնը ձեւակերպվել է որպես Մոսկվայի քաղաքային իշխանությունների պարտք գերմանական բանկին:

Ամռանը, երբ ֆինանսական այս մեքենայությունները հայտնվեցին ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում, Պետդումայի հայազգի պատգամավորը հեռացավ Ռուսաստանից: Նոյեմբերին նրա նկատմամաբ հետախուզում հայտարարվեց:

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Իգոր Լեբեդեւը հայտարարել է, որ Եղիազարյանը պատրաստ է վերադառնալ Ռուսաստան եւ լիարժեք աշխատել, եթե իրավապահ մարմինները երաշխավորեն իր եւ իր ընտանիքի անվտանգությունը: Լեբեդեւը նաեւ ընդգծել է, որ Եղիազարյանը չի վախենում քրեական պատասխանատվությունից, քանի որ նրա դեմ քրեական գործը սարքված է:

Ավելի վաղ Եղիազարյանը քննչական մարմիններին նամակ էր ուղարկել` հայտնելով, որ ինքը գտնվում է Լոս Անջելեսում, քանի որ Ռուսաստանում վախենում է իր կյանքի համար: