Լոնդոնում ձերբակալել են Ջուլիան Ասանժին

Ջուլիան Ասանժը խոսք է խնդրում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպված հանդիպմանը, Ժնեւ, 5-ը նոյեմբերի, 2010թ.

Մոլորակի քաղաքական-դիվանագիտական ասպարեզում աննախադեպ խուճապ եւ ցնցումներ առաջացրած WikiLeaks կայքէջի հիմնադիր, Ավստրալիայի քաղաքացի Ջուլիան Ասանժը երեքշաբթի օրը կամավոր ներկայացել է Լոնդոնի ոստիկանություն եւ տեղում ձերբակալվել է։

Ասանժին կասկածում են Շվեդիայում բռնաբարություն եւ սեռական բնույթի այլ հանցագործություններ կատարելու մեջ։ Ասանժը կտրականապես հերքում է մեղադրանքը եւ պնդում է, որ կայքէջի բացահայտումներից վրդովված ու սարսափած բարձրաստիճան պաշտոնյաները պարզապես ցանկանում են իրեն վարկաբեկել եւ լռեցնել։

Շվեդիան Ջուլիան Ասանժին ձերբակալելու միջազգային հրամանագիրը երկուշաբթի օրն է արձակել, հետեւաբար, բրիտանացիները նրան պետք է փոխանցեն Շվեդիայի իրավապահներին, բայց նախ նրան Լոնդոնի Վեսթմինսթերի դատարանում պաշտոնապես կներկայացնեն ենթադրյալ հանցագործության մասին Շվեդիայից ստացած փաստաթղթերը։

Կասկածյալը, իր հերթին, պահանջելու է իրեն ազատ արձակել գրավի դիմաց։ Ջուլիան Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնը ձերբակալության հրամանագիրը «անհամաչափ» է որակել։

«Հարցաքննության ներկայանալու պաշտոնական ծանուցագիր ուղարկելու փոխարեն իշխանություններն անմիջապես ձերբակալության հրաման են արձակել։ Սա բացարձակ անհամաչափ որոշում է, մեզ նույնիսկ ապացույցներ չեն ներկայացրել», - ասել է փաստաբանը։

Անցած մի քանի օրերի ընթացքում WikiLeaks կայքէջի աշխատանքը բազմիցս խափանվել է, բանկերում փակվել են հաշվեհամարները։

Ըստ օրենքի, Ասանժը Մեծ Բրիտանիայի տարածքում` բանտում կամ ազատության մեջ, կմնա առավելագույնը մինչեւ 28 օր, քանի որ այդ ժամկետում բրիտանացիները պետք է բավարարեն կամ մերժեն կասկածյալին էքստրադիցիայի ենթարկելու Շվեդիայի հայցը։