Մեծ հրդեհ Երեւանում. զոհեր կամ վիրավորներ չկան

Your browser doesn’t support HTML5

Երեկ ուշ երեկոյան Երեւանի կենտրոնում` Մաշտոց եւ Կորյուն փողոցների հատման անկյունում խոշոր հրդեհ է բռնկվել, վառված 14 տների բնակիչները ողջ գիշեր մնացել են փողոցում:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, զոհեր եւ վիրավորներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.23-ին, մարվել` 02.12-ին: Այրվել են Երեւան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի թիվ 52 եւ 54 շենքերի եւ Կորյունի փողոցի թիվ 21 եւ 21ա շենքերի միջեւ գտնվող սեփական տների մի մասը ամբողջությամբ, մի մասը` մասամբ եւ նրանց տանիքները 1500 քմ. մակերեսով:

«Սա վերջին տարիների ընթացքում Երեւանում արձանագրված ամենախոշոր հրդեհն էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության ղեկավար Նիկլայ Գրիգորյանը:

Դեռ հայտնի չէ` ինչպես եւ որքանով է փոխհատուցվելու բնակիչների կրած վնասը:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ սպասում են հրդեհի պատճառած վնասների վերաբերյալ վերջնական տվյալներին` վնասի փոխհատուցման հետ կապված խնդիրների հստակեցման նպատակով:

Հրդեհի բռնկման պատճառը, նախնական տվյալներով, գազի պայթյունն է:
Այսօր կեսօրից հետո դեռ ծխացող օջախներ կային, տեղում աշխատում էին երկու հրշեջ մեքենաներ: