Բարոզուն Վրաստանին կոչ է անում ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Բրյուսելում համատեղ ասուլիսի ժամանակ

Վրաստանը պետք է Եվրամիությանը անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնի, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Բրյուսելում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, որը ցուցադրվել է վրացական հեռուստաալիքներով:
«Դա թույլ կտա ավելի խորացնել Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունները եւ ձեր երկիրը ավելի գրավիչ կդարձնի էներգաներդրումների ոլորտում», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ` ասել է Բարոզուն եւ եւս մեկ անգամ հավաստել Եվրամիության նվիրվածությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ նշել է, թե Վրաստանը Եվրամիության գլխավոր գործընկերներից է:

Սահակաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ Վրաստանի գլխավոր նպատակը Եվրամիությանը անդամակցելը եւ Եվրոպային մաս կազմելն է:

«Մեր ձեռքի տակ վիճակագրական տվյալներ կան, որոնք վկայում են, որ վրացական պատվիրակությունները երկու անգամ ավելի հաճախակի են գալիս Բրյուսել, քան մյուս գործընկեր պետությունների ներկայացուցիչները: Մեզ Բրյուսելում եղանակը չէ, որ գրավում է, պարզ է` Վրաստանում անհամեմատ ավելի տաք է: Պատճառն այն կոնկրետ արդյունքներն են, որ մենք տեսնում ենք այս համագործակցության ընթացքում», - որպես իր խոսքերի ապացույց հայտարարել է Սահակաշվիլին` նշելով, որ Վրաստանն առաջիկայում հույս ունի Բրյուսելի հետ ազատ առեւտրի եւ ազատ վիզային ռեժիմի մասին համաձայնագրեր կնքել:

«Վրաստանի ընտրությունը Եվրոպան է: Մենք այլընտրանք պարզապես չունենք: Մենք հույս ունենք, որ Եվրոպան մեզ աստիճանաբար սկսում է դիտարկել ոչ միայն որպես հարեւան կամ գործընկեր պետության, այլ որպես այս մեծ միության ապագա անբաժանելի մի մասնիկի», - հավելել է Սահակաշվիլին. - «Դրա համար, իհարկե, երկար ժամանակ կպահանջվի, սակայն մենք քայլ առ քայլ շարժվում ենք այդ ուղղությամբ»:

Բրյուսելյան հանդիպումների ընթացքում Վրաստանի ղեկավարը մեկ անգամ եւս ստացավ Եվրամիության պաշտոնյաների հավաստիացումն առ այն, որ այս կառույցի անդամ բոլոր պետությունները Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչում են որպես Վրաստանին պատկանող տարածքներ:

«Եվրամիությունը հստակորեն աջակցում է Վրաստանի անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք ակնկալում ենք, որ նույն դիրքորոշումը կորդեգրի միջազգային ողջ հանրությունը: Եվրամիությունը չի հանդուրժում Վրաստանի որեւէ տարածքի օկուպացիան», - մասնավորապես հայտարարել է Բարոզուն:

Եվրահանձնաժողովի ղեկավարի այս վերջին հայտարարությունը Թբիլիսիում արդեն իսկ բնութագրում են որպես վրացական դիվանագիտության լուրջ հաջողություն: Մի քանի ժամ առաջ Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` մեկնաբանելով Բարոզուի հայտնած տեսակետները:

«Եվրահանձնաժողովի ղեկավարն արտահայտեց Եվրամիությանն անդամակցող բոլոր պետությունների տեսակետը: Սա առաջին դեպքն երբ «օկուպացիա» տերմինը պաշտոնապես տեղ է գտնում Եվրամիության պաշտոնյաների բառապաշարում», - նշված է հայտարարության մեջ: