Հիրոսիմայում հանդիպում են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Ատոմային ռմբահարման զոհերի հուշահամալիրը Հիրոսիմայում

Հիրոսիմայում ուրբաթ օրը տեղի կունենա Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների 11-րդ հավաքը։

Հրավիրվածների թվում են Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, Դալայ Լաման, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, Լեհաստանի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Կոստա Ռիկայի նախկին նախագահներ Լեխ Վալենսան, Ֆրեդերիկ դե Կլերկը, Օսկար Սանչեսը, Արեւելյան Թիմորի նախագահ Ժոզե Ռեմուզ-Օրտեն։

Գորբաչովը, Վալենսան, դե Կլերկը, Սանչեսը, Ռեմուզ-Օրտեն նամակով դիմել են Նոբելյան մրցանակի 2009 թվականի դափնեկիր Օբամային` հորդորելով նրան անպայման մեկնել Հիրոսիմա։ Սակայն Օբաման չի ընդունել հրավերը, քանի որ այս օրերին մասնակցում է Մեծ քսանյակի գագաթնաժողովին։ Դա մեծ ափսոսանքով են ընդունել հավաքի կազմակերպիչները, որովետեւ նրանք հուսով էին, որ Օբաման հենց Հիրոսիմայում կխոսի իր նախընտրական առանցքային խոստումներից մեկի` միջուկային զենքը ամբողջ աշխարհում վերացնելու նպատակի մասին։

Հիրոսիման Երկրորդ աշխարհամարտի ավարտին ատոմային ռմբահարման զոհ դարձած ճապոնական երկու քաղաքներից առաջինն էր` 1945 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան ատոմային ռումբի պայթյունից Հիրոսիմայում զոհվել է 140 հազար մարդ: Օգոստոսի 9-ին երկրորդ ռումբը ավերել է Նագասակին` սպանելով մոտ 90 հազար մարդու։

Նախօրեին հայտնի դարձավ, որ հավաքին չի մասնակցի նաեւ Գորբաչովը։ Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` բժիշկները նրան արգելել են մեկնել Հիրոսիմա։ 79-ամյա քաղաքական վետերանի հիվանդության մասին ավելի ստույգ տեղեկություններ չեն հրապարակվել։

Հիրոսիմայի հավաքին ներկա կլինեն Նոբելյան դափնեկիրներ` խաղաղության ակտիվիստ Մեյրհեդ Քորիգենը Իռլանդիայից, իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին, ականների արգելման միջազգային շարժման ակտիվիստ, ամերիկուհի Ջոդի Ուիլյամսը։

Մինչդեռ, Հիրոսիմա չեն մեկնի բանտարկված գործիչները` Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկիր Լյու Սաոբոն Չինաստանից եւ 1991 թվականի դափնեկիր Օնգ Սան Սու Չին, ով վերջին տարիներին գտնվում է տնային կալանքի տակ։

Դալայ Լաման եւ մնացած դափնեկիրները ստորագրել են նամակ` պահանջելով անհապաղ ազատ արձակել իրենց չինացի եւ բիրմացի գործընկերներին։

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ամենամյա հավաքների նպատակն է արծարծել մարդու իրավունքների թեման, քննարկել աշխարհի հրատապ հարցերը եւ դրանք բացառապես խաղաղ եղանակով լուծելու կոչով դիմել միջազգային համայնքին։

Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել Հռոմում, Բեռլինում եւ Փարիզում։