Տեր-Պետրոսյանը դատապարտում է «եվրաչինովնիկների ենթագիտակցական ռասիզմի դրսեւորումները»

«Եվրամիություն–Հայաստան երկխոսության» շրջանակներում Երեւանում ընթացող մարդու իրավունքներին նվիրված սեմինարի առիթով երեքշաբթի օրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք անցկացրեց Մատենադարանին հարող տարածքում:
Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին քննադատեց միջազգային հանրությանը` Հայաստանում մարդու իրավունքների խախտումներն անտեսելու եւ կալանավորված ընդդիմադիրներին ազատ ազատ արձակելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների վրա անհրաժեշտ ճնշում չգործադրելու համար:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նախ հարկ համարեց փարատել կարծիքը, թե ՀԱԿ-ի «ողջ ջանքերն ուղղված են եվրոչինովնիկների շուրթերից Հայաստանի ընդդիմության զնդանված ներկայացուցիչների վերաբերյալ «քաղբանտարկյալ» բառը կորզելուն»:

«Դա անհեթեթություն է: Կոնգրեսն իր առջեւ երբեք այդպիսի խնդիր չի դրել, քանի որ միջազգային հանրությունն իրականում վաղուց ի վեր մեր ընկերներին քաղբանտարկյալ է ճանաչել, թեպետ տերմինի փոխարեն «նրբանկատորեն» օգտագործելով այլ սահմանումներ», - հայտարարեց ընդդիմության առաջնորդը` օրինակներ բերելով Եվրամիության նախագահության, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտարարություններից:

Այնուհետեւ Հայաստանի առաջին նախագահը հանգամանորեն խոսեց այն մասին, թե ինչու միջազգային հանրությունը անհրաժեշտ ջանքեր չի ներդնում «քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործում»:

Ըստ Տեր-Պետրոսյանի` միջազգային հանրությունը արդարացնում է Հայաստանում մարդու իրավունքների խախտումները, ասելով, որ «ժողովրդավարության տեսակետից Հայաստանը ավելի բարվոք վիճակում է քան, ասենք, Աֆղանստանը, Սոմալին, Զիմբաբվեն եւ այլն»։

«Համաձայն եմ՝ այդ երկրներում ոչ մի անկախ թերթ չկա, իսկ Հայաստանում, համենայն դեպս, մեկ-երկուսը կան։ Այդ երկրներում ընտրությունների ժամանակ հարյուրավոր մարդիկ են սպանվում, իսկ Հայաստանում՝ ընդամենը տասը։ Ինչպես մի առիթով նշել եմ, նման փաստարկ բերողների պարագայում մենք գործ ունենք ենթագիտակցական ռասիզմի դրսեւորման հետ, որի էությունն է. «Դուք մեզ հետ, այսինքն զարգացած ժողովրդավարությունների հետ չափվելու արժանի չեք, չափվեք ձեզանից ավելի հետամնաց երկրների ու ժողովուրդների հետ եւ մխիթարվեք, որ նրանց վիճակը վատթար է ձեր վիճակից», - բխեցրեց ՀԱԿ-ի առաջնորդը:

«Գլխավոր պատճառն, անշուշտ, ինչպես բազմիցս նշվել է, աշխարհաքաղաքական նկատառումներն են, ավելի կոնկրետ, հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում Հայաստանի իշխանություններից զիջումներ կորզելու ակնկալիքը», - հայտարարեց ընդդիմության առաջնորդը` ընդգծելով. - «Պարադոքսն այն է, որ հայաստանյան բռնատիրության դեմ պայքարելուց բացի, մենք ստիպված ենք հաղթահարել նաեւ ժողովրդավարության հաստատմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը կոչված միջազգային կազմակերպությունների իներտությունը, ինչը թեեւ բավականին դժվարացնում է մեր գործը, բայց ոչ մի պարագայում պատճառ չպետք է հանդիսանա թուլացնելու ազատության, արդարության ու բարօրության համար մղվող համաժողովրդական պայքարը»:

Իր ելույթում նախկին նախագահը խիստ քննադատության ենթարկեց մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատվություն կրող հայաստանյան պաշտոնյաներին` Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին։

«Առաջինի պարագան հստակ է։ Լինելով իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը եւ Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը, նա փայլուն կերպով լուծել է իր ներկայացրած բռնատիրական ռեժիմի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառումը խափանելու խնդիրը եւ դրանով հանգուցային դեր կատարել մեր երկրում ժողովրդավարության սահմանափակումների ու մարդու իրավունքների խախտումների խորացման, ինչպես նաեւ քաղբանտարկյալների հարցի լուծումը վիժեցնելու գործում», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը` անցնելով օմբուդսմենին. - «Որեւէ օրենքով կամ պարտավորությամբ կապված չլինելով ո՛չ ռեժիմի, ո՛չ էլ կառավարող կուսակցությունների հետ, [Արմեն Հարությունյանը] մարդու իրավունքների պաշտպանության հարցում գործադիր իշխանության անզիջում ընդդիմախոսը հանդիսանալու փոխարեն, կամովին ստանձնել է վերջինիս ամենաջերմեռանդ փաստաբանի դերը՝ արդարացնելով նրա գրեթե բոլոր օրինազանցություններն ու հանցագործությունները»։

Տեր-Պետրոսյանը խիստ քննադատության ենթարկեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանին, ով վերջին ասուլիսներից մեկում անդրադառնալով բանակում տիրող արատավոր երեւույթներին, մասնավորապես, սպանությունների, ինքնասպանությունների, խոշտանգումների հաճախացած դեպքերին, ըստ ընդդիմության առաջնորդի` «փոխանակ խոսելու այդ արատներն արմատախիլ անելու անհրաժեշտության եւ կատարված հանցագործությունների պատասխանատուներին պատժի ենթարկելու մասին, հարկ է համարել իր խորագույն զզվանքն արտահայտել հիշյալ երեւույթները բացահայտողների ու քննադատողների նկատմամբ»։

«Սերժ Սարգսյանն այդպիսով փաստորեն պարտակում է բանակում տեղի ունեցող հրեշավոր հանցագործությունները եւ խրախուսում դրանց շարունակումը՝ սպայակազմին հասկացնել տալով, թե ինչ ուզում եք արեք, ես ձեր թիկունքին եմ», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց երթով, որի ընթացքում որեւէ լուրջ միջադեպ չարձանագրվեց: