Ալավերդիում 250 մարդ կարող է գործազուրկ դառնալ

Your browser doesn’t support HTML5

Երկուշաբթի օրը «Հարավկովկասյան երկաթուղիների» ՓԲԸ-ի ղեկավարությունը հանդիպել է Սանահինի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների հետ՝ փորձելով փարատել նրանց մտահոգությունները։

Հարավկովկասյան երկաթուղիների» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի նոյեմբերի 4-ի հրամանով Սանահինի լոկոմոտիվային դեպոն միացվելու է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյին: Ընկերության գլխավոր տնօրենի հրամանի նպատակը երկաթուղում բեռնափոխադրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելն է:

Դա նշանակում է, որ որպես առանձին կառույց Սանահինի դեպոն դադարում է գործել, հետեւաբար՝ ավելորդ են դառնում գնացքային շարժակազմերը տեղափոխող, սպասարկող կառույցներն իրենց մեքենավարներով, կապի հանգույցի աշխատակիցներով ու սպասարկող անձնակազմով: Արդյունքում, ինչպես ասում են դեպոյի աշխատողները, գործազուրկ է դառնում 250 մարդ:

«Հարավկովկասյան երկաթուղիների» ՓԲԸ փոխտնօրեն, գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանն այսօր դեպոյի աշխատողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ոչ մի աշխատող չի կրճատվի:

«Ուղղակի լինելու է վերապատրաստում` մի ոլորտից տեղափոխվելու են մեկ այլ ոլորտ»,- ասաց Հարությունյանը:

Չնայած ընկերության հավաստիացումերին, Սանահինի դեպոյի աշխատողները չեն հավատում, որ անգործ չեն մնա: Նրանք հավատացնում են, թե պայքարելու են դեպոյի ապագայի համար: