Զինծառայողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող սպան կալանավորվել է

Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ դատարանը երեկ բավարարել է Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու միջնորդությունը:

Բարեղամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը», որով նախատեսված պատժաչափը 2-5 տարվա ազատազրկումն է:

Արմեն Բարեղամյանը կասկածվում է հոկտեմբերի 28-ին նույն զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Էրիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեջ:

Զինվորը ուղեղի ցնցմամբ, սալջարդերով ու քթի կոտրվածքով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունք:

Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալը ձերբակալվել էր նոյեմբերի 3-ին:

Արմեն Բարեղամյանի դեմ նույն հոդվածով ամիսներ առաջ նույնպես մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ զինվորի` շարքային Բագրատ Եղիշյանին ծեծելու համար: Սակայն այդ ժամանակ խափանման միջոց ընտրվել էր ոչ թե կալանքը, այլ չհեռանալու մասին ստորագրությունը: