Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով` ընդդիմադիրները ազատ կարձակվեն մինչեւ հաջորդ ընտրություններ

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը կարծում է, որ մինչեւ հաջորդ ընտրությունները իշխանությունները կարող են ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր գործիչներին:
«Արդեն կան նախադեպեր, կարծում եմ` դա կիրառվում է: Դեմ չեմ, եթե մարդիկ որոշակի պատժաժամկետ անցկացրել են, եւ հետագայում, հենց դուրս գալուց հետո, նման գործողություններ չեն անելու, կարելի է», - նշեց իշխող կուսակցության փոխնախագահը` հավելելով. - «Կարծում եմ` շատ հնարավոր է, որ, որպեսզի ընտրություններին մենք գնանք մարդու իրավունքները հարգած եւ ժողովրդավարության ընթացքին տուրք տված, ազատվեն: Ի վերջո` դրանք ազատվելու են»:

Հոկտեմբերի 29-ին վաղաժամկետ ազատ արձակվեց մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ անազատության մեջ գտնվող Աշոտ Մանուկյանը, ով Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ է եւ ՀՀՇ-ի Լոռու կառույցի ղեկավար: Պետք է նշել, որ Մանուկյանը իր ազատումը համարում է քաղաքական որոշում, եւ Վանաձոր քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց անմիջապես հետո հայտարարել է, որ շարունակելու է պայքարը` արդեն ազատության մեջ:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ընտրություններին ընդառաջ` բոլոր կալանավորված ընդդիմադիրներն ազատ են արձակվելու:

«Քաղաքական պրոցեսները տանում են նրան, որ իշխանությունները այս հարցում մանեւրելու տեղ չեն ունենալու», - վստահ է Մուսինյանը:

Մինչդեռ, Հայաստանի հելիսնկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանի կարծիքով, իշխանությունը ի վերջո կկայացնի քաղաքական որոշում` ազատելով կալանավորված ընդդիմադիրների մեծ մասին, բայց ոչ բոլորին:

«Իմ կարծիքով, կարող է թողնեն մեկ-երկու հոգի` Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին, որոնցից վախենում են, որովհետեւ նրանց հեղափոխական ջիղը շատ ուժեղ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Դանիելյանը: