Հայ-թուքական հարաբերությունները` ՄԱԿ-ի մոդել դերախաղում

Երեւանում կայացավ հերթական ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը` այս անգամ նվիրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման թեմային: Այս դերախաղը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նմանակումն է, որտեղ երիտասարդները հանդես են գալիս որպես պետությունների պատվիրակներ, անգամ բանաձեւեր են ընդունում:
Հայաստանը ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովներ կազմակերպում է 2008 թվականից. հայ երիտասարդներն արդեն հասցրել են մասնակցել դրանց 2008–ին` Ժնեւում, 2009-ին`Մալազիայում: - «Ես հուսով եմ, որ այս խորհրդաժողովը իսկապես կնպաստի ձեր հետագա հնարավորությունների զարգացմանը, այն մոտեցումներին, թե ինչպես պետք է ապահովել բարգավաճում, ապահովություն եւ խաղաղություն այս տարածաշրջանում», - մասնակիցներին ուղղված իր խոսքում նշեց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան:

Նախագիծն, ըստ Գերչեւայի, հնարավորություն է տալիս երիտասարդներին ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ եւ ծանոթանալ բանակցային գործընթացի նրբություններին, այլեւ նպաստում է հաղորդակցմանը, ՄԱԿ-ի արժեքների տարածմանը: Մինչեւ խորհրդաժողովը երիտասարդները մասնակցել են դասընթացների, որոնց ընթացքում ծանոթացել են նախագծին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կառուցվածքին, նիստերի ընթացակարգին եւ այլն:

Դերախաղի ընթացքում Ֆրանսիայի պատվիրակությունը ներկայացնող Լիլիթ Բագրատյանը կոչ արեց Թուրքիային առանց նախապայմանների բանակցություններ վարել` մի կողմ թողնելով Լեռնային Ղարաբաղի հարցը:

Սյուզաննա Խալաթյանը ներկայացնում էր Թուրքիան` հասկանալով, որ բավական դժվար է լինելու: Ներկայացնելով այդ երկրի դիրքորոշումը` նա նշեց, որ հարաբերությունները մտել են փակուղի, քանի որ Հայաստանը չի ընդունում Թուրքիայի նախապայմանները:

Հայաստանի պատվիրակության անդամ Լուսինե Զաքարյանի համոզմամբ էլ` գլոբալիզացիայի պայմաններում անհնար է ապրել շրջափակման մեջ եւ չունենալ դիվանագիտական հարաբերություններ հարեւանների հետ: