Գյումրիում երաժշտական դպրոցի նոր շենքի համար արդեն հանգանակվել է 75 հազար դոլար

Արա Թադեւոսյանը եւ Չարլզ Լոնգսդեյլը լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 15-ը հոկտեմբերի, 2010թ.

«Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակում արդեն հանգանակվել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի շինարարության համար անհրաժեշտ 250 հազար դոլարի շուրջ մեկ երրորդը` 75 հազար դոլար:
«Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրով դեռեւս Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո աշխարհահռչակ Յան Գիլանի նախաձեռնությամբ համաշխարհային այլ ռոք աստղերի մասնակցությամբ ձայնագրվել ու թողարկվել էր Smoke on the Water հանրահայտ երգը` հասույթը տրամադրելով Աղետի գոտու վերականգնմանը:

Ծրագիրը վերականգնվեց անցյալ տարի` Գյուրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար նոր շենք կառուցելու նպատակով: Արդեն հավաքված 75 հազար դոլարին կավելանան Smoke on the Water-ի ռեմիքսից ստացվելիք գումարները: Ձայնասկավառակը թողարկել եւ այսօր վաճառքի է հանում գերմանական «Էդել» ընկերությունը:

«Մեր նպատակն է գարնանը սկսել այս դպրոցի շինարարությունը եւ ավարտել հաջորդ տարվա հոկտեմբերին», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց նեխաձեռնության հեղինակներից «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնգսդեյլը: Նա նշեց, որ ամենատարբեր կազմակերպությունների եւ ռոք աստղերի մասնակցությամբ այս ծրագիրը «յուրօրինակ կամուրջ է Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ»:

«Կարեւոր է, որ այս համագործակցությանը շարունակվի», - ասաց դեսպանը` հույս հայտնելով, որ դրանում կներգրավվեն նաեւ հայ երաժիշտներ ու գործարարներ: