ԱՄՆ–ի պետքարտուղար. «Կոսովոյի կարգավիճակը քննարկման ենթակա չէ»

Չորեքշաբթի օրը Պրիշտինայում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Կոսովայի անկախությանը։
«Հենց սկզբից Միացյալ Նահանգները աջակցել է Կոսովոյի իրավունքին՝ լինելու ինքնիշխան, անկախ պետություն՝ գոյություն ունեցող սահմաններով։ Մենք ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի վերջերս կայացրած խորհրդատվական կարծիքը, որը հաստատեց անկախություն հռչակելու Կոսովոյի օրինական իրավունքը», – ասել է Քլինթոնը։

Անդրադառնալով Սերբիայի հետ Կոսովոյի երկխոսությանը՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է. – «Կոսովոյի կարգավիճակը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն»։

Պետքարտուղարն ասել է, թե ինքը ոգեւորված է Կոսովոյի վարչապետի հավաստիացումից, որ պատրաստ են երկխոսություն վարել Բելգրադի հետ։

Սերբիան հայտարարել է, որ երբեք չի ճանաչելու Կոսովոյի անկախությունը։

Հիլարի Քլինթոնը Կոսովո ժամանեց Սերբիայից։ Երեկ նա Բելգրադում բանակցություններ է վարել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ։

Բանակցություններից հետո Սերբիայի նախագահն ասել է. – «Ես հերթական անգամ հայտարարեցի, որ Սերբիան չի ճանաչել եւ չի ճանաչի Կոսովոյի անկախությունը։ Միաժամանակ Սերբիան հավատարիմ է Պրիշտինայի հետ երկխոսություն վարելուն եւ ցանկանում է որ այդ երկխոսությունը որքան հնարավոր է շուտ սկսվի»։

ԱՄՆ–ի պետքարտուղարն ասել էր, որ այդ երկխոսությունը «օգտակար կլինի Սերբիայի ու Կոսովոյի ժողովուրդների համար, լուծելու գործնական, ամենօրյա հարցերը ու հաստատելու երկարատեւ հարաբերություններ կողմերի միջեւ»։