ՀՀՇ-ն, «Մուսավաթ»-ը եւ Հանրապետականը պատրաստ են համագործակցության

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը

Հայոց համազգային շարժում (ՀՀՇ), ադրբեջանական «Մուսավաթ» եւ Վրաստանի Հանրապետական կուսակցությունները անցած շաբաթավերջին Պոտսդամում ստորագրել են համատեղ հռչակագիր:
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու «տարածաշրջանում միջազգային արժեքների վրա հիմնված համամարդկային սկզբունքների հաստատման ուղղությամբ»:

Ըստ հռչակագրի` անհրաժեշտ է, որպեսզի հարավկովկասյան տարածաշրջանում «հարգվի մարդկանց կյանքի իրավունքը, խոսքի եւ հավաքների ազատությունը, գերակայի օրենքը, անհապաղ ազատ արձակվեն քաղբանտարկյալները»:

Պոտսդամում հռչակագիրը ստորագրած ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը առանձնացրեց երկու հրատապ խնդիրների ամրագրումը. - «Դա կոնֆլիկների խաղաղ լուծումն է Հարավային Կովկասում եւ քաղբանտարկյալների հարցը: Հարավային Կովկասը այսօր լրջագույն պրոբլեմ ունի այդ առումով. դեմոկրատիայի աննախադեպ նահանջ է քաղբանտարկյալների առումով: Երեք երկրների լիբերալ ուժերը այս առումով համաձայն են համագործակցել իրենց երկրներում քաղբանտարկյալ չունենալու հարցով»:

Հարցին, թե ինչպիսին է լինելու հռչակագրով նախատեսվող համագործակցությունը, Մանուկյանը արձագանքեց. - «Մենք կողմնակից ենք մեր բոլոր խնդիրները որքան հնարավոր է լուծել համատեղ` համատեղ քննարկումներով, համատեղ շփումներով, համատեղ մերձեցումներով: Չի կարելի ապրել մեկ ռեգիոնում եւ լինել մեկուսացված: Դա տանում է կործանման: Փաստ է, որ կոնֆլիկտների չլուծումը մեզ ետ է գցել ամբողջ ռեգիոնից տասնյակ տարիներով: Դա զգում են ե'ւ ադրբեջանցիները, ե'ւ վրացիները, ե'ւ մենք»:

«Այս երեք կուսակցությունները, փաստորեն, այլընտրանքներն են այսօրվա իշխանության: Եվ այս փաստաթուղթը հենց տալիս է այլըտրանքային ծրագիրը այսօրվա իշխանության գործընթացներին», - շարունակեց Արամ Մանուկյանը` փաստաթուղթը որակելով աննախադեպ. - «Չկա նման օրինակ մեր երկրների պատմության մեջ եւ առավել եւս` կուսակցությունների պատմության մեջ… Մի քանի տարի մենք աշխատել ենք այդ կարգի փաստաթուղթ ունենալու շուրջ»:

Հայաստանի իշխանական ուժերը չեն ողջունում հատկապես ադրբեջանական քաղաքական ուժի հետ փաստաթղթի ստորագրումը:

«Հայտարարությունը համարում եմ նորմալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` շարունակելով. - «Բայց «Մուսավաթ» կազմակերպությունը ե՞րբ դարձավ ժողովրդավարական եւ ազատական, որ այսօր այդ դաշտում համատեղ հայտարարություններ է անում: Իրենց մոտ ամեն օր հակահայկական քարոզ է տեղի ունենում, եւ իրենք էլ [«Մուսավաթ»-ը] դրան նպաստում ու մասնակցում են»:

Հակադարձելով` Արամ Մանուկյանը վկայակոչեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը. - «Հակառակորդի հետ խաղաղության դաշն կնքել չի՞ կարելի»:

Վրացական կողմից հռչակագիրը ստորագրել է Վրաստանի հանրապետական կուսակցության նախագահ Դավիդ Ուսուբաշվիլին, ադրբեջանական կողմից` «Մուսավաթ»-ի նախագահ Իսա Ղամբարը:

«Այս պլատֆորմը միավորում է տարածաշրջանի ժողովուրդներին: Մենք այնքան փոխկապակցված ենք, որ եթե այս բոլոր խնդիրները Հարավային Կովկասում միաժամանակ չլուծվեն, կայունություն եւ խաղաղություն հաստատելը շատ դժվար կլինի», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը ասել է «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը, ով ներկա է եղել հուշագրի ստորագրմանը: