Վանաձորում սպանել են ոստիկանի մորը

Your browser doesn’t support HTML5

Երեկ երեկոյան ժամը 21-ի սահմաններում Վանաձորի կենտրոնում իր սեփական խանութում 60-ամյա կին է սպանվել: Կինը սպանվել է հորդառատ անձրեւի ժամանակ, երբ փողոցներում մարդ չկար, ու ոչ ոք չէր կարող նկատել սպանությունը:
Զաքարյան փողոցում գտնվող փոքր խանութում սպանված Սվետլանա Կազազյանի դին խանութում հայտնաբերել է իր բարեկամը: Կնոջ մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ են եղել, որոնք, ըստ ոստիկանության, պատճառվել են սուր ծակող կտրող գործիքով:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գագիկ Իսպիրյանն ասում է, թե առայժմ կասկածյալներ չկան, բայց, ամենայն հավանականությամբ, սպանությունը կատարվել է հանցագործ խմբի կողմից:

Սպանված կնոջ որդին ոստիկանության աշխատակից է՝ քրեական հետախուզության օպեր-լիազոր Մովսես Իսկանդարյանը: Գնդապետ Իսպիրյանը չի բացառում, որ մոր սպանությունը կապ ունի որդու գործունեության հետ:

Բացի վրեժխնդրության վարկածից, ոստիկանությունը քննում է նաեւ պատվիրված սպանության, կենցաղային, խանութին պարտք լինելու եւ այլ հարցերի հետ կապված վարկածներ:

Ոստիկանության աշխատակցի մորը սպանողը խանութից ոչինչ չի տարել՝ ոչ ապրանք, ոչ դրամ:

Սա Վանաձորում այս տարի տեղի ունեցած առաջին սպանությունն է: Հարուցվել է քրեական գործ: