Հասարակական կազմակերպությունները հակված չեն ընդգրկվելու ստեղծվելիք աշխատանքային խմբում

Հայաստանյան որոշ հասարակական կազմակերպություններ հրաժարվում են ընդգրկվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով կազմավորվող աշխատանքային խմբում, մյուսները որոշակի պայմաններ են առաջադրում:
Աշխատանքային խումբը ստեղծվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Այն գլխավորելու է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում այս տարվա հունիսին կատարված փոփոխությունները, հիշեցնենք, արժանացել են տեղական եւ միջազգային իրավապաշտպան, խոսքի ազատության հարցերով զբաղվող հեղինակավոր կազմակերպությունների քննադատությանը: Հայաստանի իշխանությունները խոստացել են վերանայել օրենքը:

Գալիք հոկտեմբեր-դեկտեմբերին անցկացվելիք մրցույթը, այդուհանդերձ, անցկացվելու է գործող օրենքի պահանջներին համապատասխան:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում այսօր կայացած քննարկմանը Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայտարարեց, թե այն, որ աշխատանքային խումբը գլխավորելու է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը, արդեն կասկածների տեղիք է տալիս: Նավասարդյանը, այդուհանդերձ, համաձայնել է մասնակցել խմբի աշխատանքներին` պայմանով, որ «սկզբունքային հարցերը պետք է լուծվեն»:

Սկզբունքային հարցերը, ըստ Նավասարդյանի, վերաբերում են «կարգավորող մարմնին, արտոնագրեր տրամադրելու մեխանիզմներին, հայտատուներին մերժելու կամ բավարարելու հիմնավորումներին»:

Խմբի աշխատանքներին չի մասնակցի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:

Կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես կարծում եմ, որ 20 հոգանոց աշխատանքային խումբ չի լինում: Որովհետեւ դա նշանակում է շուկա: 20 հոգով օրինագիծ չեն մշակում… Ավելորդ ժամավաճառություն է` գնալ եւ այնտեղ փորձել ինչ-որ բան անել»:

Մարդու իրավունքների պաշտպանը հրավեր է ուղարկել նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, որը, դրա նախագահ Գրիգոր Ամալյանի խոսքով, «որեւէ կանխապայման չունի այդ խմբում աշխատանքները սկսելու համար». - «Ուղղակի մենք կորոշենք` ով կներկայացնի մեզ այդ աշխատանքային խմբում»: