«Ժառանգություն»-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Արմեն Մարտիրոսյան

Խորհրդարանի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենք եւ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը մասնակցեն միասնական ցուցակով:
«Կարծում եմ, առանձին վերցրած ՀԱԿ-ին սատարելու խնդիր այլեւս երբեք չի լինի: Ես բացառում եմ, որ «Ժառանգություն»-ը չմասնակցի [ընտրություններին] եւ սատարի ՀԱԿ-ին», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարտիրոսյանը` շարունակելով` - «Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները բավականին լավ դաս եղան «Ժառանգության» համար, բայց չեմ բացառում ՀԱԿ-ի հետ համատեղ ճակատի, միացյալ ցուցակի խնդիրը»:

ՀԱԿ-ի առաջնորդի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե առայժմ զերծ կմնան մեկնաբանություններից` մինչեւ չունենան «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը հարցի վերաբերյալ:

Արմեն Մարտիրոսյանը, միաժամանակ, բացառում է, որ «Ժառանգություն»-ը նախագահական ընտրություններում պաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Նրա փաստարկմամբ` «նույն գետը երկու անգամ չեն մտնում», բացի այդ` «Ժառանգություն»-ն ունի նախագահի իր թեկնածուն` կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի փոխհարաբերություններին եւ վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ընդդիմադիր դաշտ մտնելու հնարավորությանը` Մարտիրոսյանը հայտարարեց, թե դա «ռեալ չի համարում»: Հիմնականում տնտեսական գործունեությամբ զբաղվող Գագիկ Ծառուկյանը, նրա պատկերացմամբ, հազիվ թե հայտնվի ընդդիմադիր դաշտում, որովհետեւ «բոլորը տեսել են, թե ընդդիմադիր օլիգարխի հետ ինչ կարող է տեղի ունենալ. վառ օրինակը գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ կատարվածն է»:

Մարտիրոսյանի կարծիքով, Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ «այսօր միմյանցից ձայներ տանելու խնդիր գոյություն ունի»:

«Ի տարբերություն 2007 թվականի, այժմ ձայները… հստակ կողմնորոշման են, եւ ազատ ձայներ, կարծում եմ, շատ քիչ են լինելու, այդ թվում նաեւ` վարչական ռեսուրսին, ընտրակաշառքներին ենթակա ձայները… Այսօր պայքար է գնում հենց այդ վարչական ռեսուրսի ձայների համար, այն ձայների համար, որոնք ընտրակաշառքներին ենթակա են: Ուստի Հանրապետականին, կարծում եմ, որոշակի կենտրոնացում ձայների, այնուամենայնիվ, պետք կլինի», - ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ խորհրդարանական հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը արդեն սկսվել է:

Մարտիրոսյանի խոսքով, ժամանակին կար հասարակական այնպիսի ակտիվություն, որը կարող էր հանգեցնել արտահերթ ընտրությունների, բայց ընդդիմությունը չօգտվեց այդ հնարավորություններից. - «Ընդդիմությունը չօգտվեց ո'չ 2008 թվականի փետրվարի 26-ից, ո'չ մարտի 1-ից, ո'չ հայ-թուրքական արձանագրություններից, եւ այսօր սպասել ինչ-ինչ արտահերթ պրոցեսներ, ես կարծում եմ, արդեն տեղին չէ»: