8-րդ Հայֆեստ փառատոնն ուզում է պարզել, թե «ով է հաջորդը»

8-րդ Հայֆեստի պաստառը

«Ով է հաջորդը», հարցնում է Հայֆեստ 2010 միջազգային թատերական փառատոնը` մատնացույց անելով թատերական էվոլյուցիան Սոֆոկլեսից մինչեւ Սարոյան: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը բացատրեց այս տարվա պաստառի խորհրդանշական իմաստը. – «Տեսնում ենք թատրոնը ստեղծած մեծերի անուններ, ու քանի որ յուրաքանչյուր փառատոն մի նոր անուն է բացում, մենք ուզում ենք իմանալ` ով է հաջորդը»:
Ստացված մոտ 100 հայտերից 8–րդ Հայֆեստը երեւանյան թատերաբեմեր կբարձրացնի շուրջ 60 ներկայացում. մասնակցում են 33 թատերախմբեր աշխարհի 22 երկրներից: Հետխորհրդային պետություններից` միայն Ռուսաստանը, Ուկրաինան եւ Վրաստանն են:

Այս տարվա փառատոնն առանձին իրանական ներկայացումների հատուկ ծրագիր ունի: Հայֆեստի բացման ներկայացումը եւս Իրանից է` Էմրուզ թատրոնի «Ավաժիկ` արտադրված է Իրանում»:

Երեւանում հանդես կգան համաշխարհային համբավ վայելով այնպիսի թատրոններ, ինչպիսիք են` Imitating the Dog-ը Միացյալ թագավորությունից, Charlestown Working-ը ԱՄՆ-ից եւ այլք: Բացօթյա ներկայացումներով հայտնի փառատոնն այս տարի ավելի քիչ դուրս կգա դահլիճներից` գլխավոր ինտրիգը թողնելով աֆրիկյան պարերին Շառլ Ազնավուրի հրապարակում:

Հայֆեստի շրջանակում առաջին անգամ Երեւանում կանցկացվի միջազգային փառատոների եւ իրադարձությունների ասոցիացիայի խորհրդի նիստը:

Մշակույթի նախարարությունը այս տարի կրճատել է փառատոնի բյուջեն 2 միլիոն դրամով` հատկացնելով 33 միլիոն դրամ:

Your browser doesn’t support HTML5

«Հայֆեստը» բեմի նոր անուններ է որոնում