Ուսանողական այգու պաշտպանները կդիմեն վարչական դատարան

Ուսանողական այգին

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությանը միացած մոտ 100 ՀՀ քաղացիներից Գոհար Ղազինյանը լիազորել է փաստաբան Վահե Գրիգորյանին ներկայացնել իր շահերը դատարանում Ուսանողական այգում իրականացվող շինարարության առնչությամբ:
ՀՀ վարչական դատարան դիմող քաղաքացիներից մի մասը բնակվում է այգու շրջակայքում, մյուսները աշխատում կամ օգտվում են Ազգային գրադարանից, որի հարեւանությամբ գտնվում է Ուսանողական այգին, մյուսններն էլ պարզապես իրենց քաղաքացիական պարտքն են համարում պայքարել հանրային սեփականություն հանդիսացող այգում կառուցապատման աշխատանքների եւ ծառերի ոչնչացման դեմ:

«Խախտվել է քաղաքացիների հանգստի, առողջությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը, ինչպես նաեւ քաղաքաշինական ծրագրերին մասնակցելու իրավունքը», - նշում է փաստաբան Վահե Գրիգորյանը:

Նախաձեռնող խումբը ամիսներ առաջ շինարարությունը դադարեցնելու դիմում է ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ չստանալով պատասխան ոչ մի գրասենյակից: Քաղաքապետարանը նույնպես հրաժարվում է արձագանքել, մինչեւ օրս այգու պաշտպաններին չի տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել է շինարարության թույլտվությունը` պատճառաբանելով, որ չեն կարող հրապարակել առեւտրային գաղտնիք:

«Ազատություն» ռադիոկայանին Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հայտնել էր, որ «տվյալ խնդրի վերաբերյալ բոլոր դեպքերում մանրամասն ներկայացված են նախագծային լուծումները, ներկայացված են նախագծերը նաեւ շինհրապարակներում: Մարդու իրավունքների պաշտպանի հարցադրումներ են եղել, պատասխանները տրվել են»: